NEWSARM

Էկոհամակարգերի պահպանությունից դեպի շուկայահեն համայնքային զարգացում․ ՌԶԳ-ի փորձը կլիմայական հարմարվողականության ամրապնդման գործում

Ռազմավարական զարգացման գործակալությունը (SDA), նախագահ Մկրտիչ Այվազյանի գլխավորությամբ, մասնակցել է «Հայաստանի չորային գոտիներին և անտառային պահպանվող տարածքներին հարակից համայնքների հողահեն հարմարվողականության կարողությունների հզորացում՝ նախորդ ծրագրի հաջողված մեխանիզմների կրկնօրինակման և ընդլայնման միջոցով» ծրագրի բացման արարողությանը։
«Էկոհամակարգերի պահպանությունից դեպի համայնքային զարգացում․ կլիմայական հարմարվողականության ինտեգրված մոտեցումներ» թեմայով պանելային քննարկման շրջանակում Մկրտիչ Այվազյանը ներկայացրել է ՌԶԳ-ի գործնական փորձը՝ ընդգծելով, որ արժեշղթաների զարգացումը համայնքների համար ոչ թե տեսական մոտեցում է, այլ արդեն ապացուցված տնտեսական հարմարվողականության ռազմավարական գործիք։
Նա ներկայացրել է ՌԶԳ-ի կողմից իրականացված ծրագրերի փորձը՝ ցույց տալով, որ բնահեն և ագրոպարենային արժեշղթաների զարգացումը միաժամանակ ապահովում է եկամտի բազմազանացում, աշխատատեղերի ստեղծում, կանանց տնտեսական ակտիվացում, շուկաների հասանելիության ընդլայնում և բնական ռեսուրսների կայուն կառավարում։
Կայուն զբոսաշրջության, վայրի հավաքչության, տեղական արտադրանքի շուկայի զարգացման, ինչպես նաև անասնապահության ոլորտում արժեշղթաների ամրապնդման և արոտների կայուն կառավարման փորձը փաստում է, որ շուկայի հետ կապակցված մոդելները նվազեցնում են կլիմայական ռիսկերը և բարձրացնում համայնքների դիմակայունությունը։
Նա նաև ընդգծել է, որ կլիմայախելամիտ տեխնոլոգիաները կենսունակ են դառնում միայն այն դեպքում, երբ զուգահեռ զարգանում են գործարար, կառավարման և ինստիտուցիոնալ կարողությունները։ Վերապատրաստումները, տեղական ինքնակառավարման մարմինների և մասնավոր հատվածի համագործակցությունը, ինչպես նաև շուկայի հետ ինտեգրումը հանդիսանում են երկարաժամկետ կայունության հիմնական նախապայմաններ։
Ամփոփելով՝ պարոն Այվազյանը նշել է, որ կայուն արդյունքներ հնարավոր է ապահովել, երբ ծրագրերը դիտարկվում են որպես համակարգային զարգացման գործընթաց, համայնքները դառնում են լիարժեք դերակատարներ, տնտեսական մոդելները հիմնվում են շուկայական մեխանիզմների վրա, իսկ իսկ բնության պահպանությունը դիտարկվում է որպես տնտեսական զարգացման և համայնքների երկարաժամկետ կենսունակության հետ համատեղելի գործընթաց։
Այս մոտեցմամբ հնարավոր է համատեղ ապահովել էկոհամակարգերի արդյունավետ պահպանում, համայնքների կլիմայական հարմարվողականության ամրապնդում և երկարաժամկետ տնտեսական զարգացում։