Հոկտեմբերի 17-ին Լոռու, իսկ հոկտեմբերի 23-24-ին՝ Վայոց ձորի մարզերում, «Հայաստանի կենդանի լանդշաֆտները շուկայի զարգացման համար» (ԼԻԼԱ) ծրագրի շրջանակում իրականացվեցին ճանաչողական այցեր գործընկեր տուր օպերատորների և Զբոսաշրջության կոմիտեի ներկայացուցիչների մասնակցությամբ։
Այցերի նպատակն էր գործընկերներին և կոմիտեի ներկայացուցչներին հնարավորություն տալ անձամբ ծանոթանալու ԼԻԼԱ ծրագրի միջոցով ձևավորված զբոսաշրջային փորձառություններին, տեղական բիզնեսներին և նրանց առաջարկներին։ Սա կարևոր հնարավորություն էր գնահատելու համայնքային տուրիզմի ներուժը՝ հետագայում մշակելու ավելի ամբողջական, կայուն և մրցունակ զբոսաշրջային փաթեթներ, ինչպես նաև ձևավորելու փոխշահավետ համագործակցություններ։
Լոռու մարզում այցի ընթացքում մասնակիցները այցելեցին Մարգահովիտ, Դսեղ և Դեբետ համայնքներ՝ ծանոթանալով «Բլեքվուդ» հանգստյան գոտու, «Աուրա Վիլիջի», «WOW գլեմփինգի», «Լոռենի» թեյարանի և «Չամիչ» հյուրատան գործունեությանը։ Այստեղ նրանք բացահայտեցին համայնքային տուրիզմի մոդելներ, որոնք համադրում են բնության հմայքը և տեղական ձեռնարկատերերի նվիրվածությունը։
Վայոց ձորի ճանաչողական այցը ներառեց էկոտուրիզմի և գաստրոտուրիզմի փորձառություններ՝ «Ռենջեր տուր» էքսկուրսիա Արփա պահպանվող լանդշաֆտում, «Բի հոմ» մեղրի համտես, այց «Փունջ» պահածոների և «Կրիա» գինու գործարաններ, Մագելլանի քարանձավ, ինչպես նաև նորարարական VR փորձառություն «Արենի 1» քարայրում։
Այս ճանաչողական այցերը ևս մեկ կարևոր քայլ էին ԼԻԼԱ ծրագրի նպատակների իրականացման ուղղությամբ՝ խթանելու բնահեն զբոսաշրջության զարգացումը, ամրապնդելու տեղական բիզնեսների համագործակցությունը և նպաստելու համայնքների կայուն զարգացմանը։
«Հայաստանի կենդանի լանդշաֆտները շուկայի զարգացման համար» (#ԼԻԼԱ) ծրագիրը ֆինանսավորվում է Շվեյցարիայի զարգացման և համագործակցության գործակալության (SDC) կողմից և իրականացվում է Բնության համաշխարհային հիմնադրամի հայաստանյան մասնաճյուղի (WWF-Հայաստան) և «Ռազմավարական զարգացման գործակալություն» (ՌԶԳ) ՀԿ-ի համատեղ ջանքերով։

