ԼԻԼԱ ծրագրի շրջանակում ամփոփվեց «Մարզային գիդերի և ուղեկցորդների պատրաստման» երկամսյա դասընթացը՝ ուղղված Լոռու, Տավուշի և Վայոց ձորի մարզերում զբոսաշրջության կայուն զարգացմանը։
Դասընթացը իրականացվել է «Տուրիզմի հայկական ֆեդերացիա» ՀԿ-ի և «Հայ զբոսավարների գիլդիայի» կողմից՝ միջազգային ստանդարտներին և որակավորման պահանջներին համապատասխան ձևաչափով։
Երկամսյա ծրագրի ընթացքում մասնակիցները ձեռք են բերել տեսական և գործնական գիտելիքներ՝
- զբոսավարության և ուղեկցման սկզբունքների,
- պատմելու և հաղորդակցման արվեստի,
- զբոսաշրջային երթուղիների կազմման և կազմակերպման,
- այցելուների սպասարկման մշակույթի,
- ինչպես նաև տեղական արժեքների և մշակութային ժառանգության ներկայացման ոլորտներում։
Դասընթացի ընթացքում իրականացվել են նաև մարզային այցեր ու գործնական վարժանքներ, որոնց ընթացքում մասնակիցները շփվել են համայնքների և բիզնեսների ներկայացուցիչների հետ՝ բացահայտելով իրենց մարզի զբոսաշրջային ներուժը իրական միջավայրում։
Դասընթացի ավարտին կայացավ ամփոփիչ միջոցառում, որի ընթացքում մասնակիցներին հանձնվեցին հավաստագրեր՝ հաստատելով նրանց ձեռք բերած մասնագիտական գիտելիքներն ու հմտությունները։
Այս նախաձեռնությունը կարևոր ներդրում է մարզային զբոսաշրջության երկարաժամկետ զարգացման գործում՝ ձևավորելով նոր սերնդի տեղացի մասնագետներ, որոնք կներկայացնեն իրենց մարզերի բնությունը, մշակույթն ու պատմությունը՝ նպաստելով Հայաստանի տարածաշրջանների ճանաչելիության և տնտեսական աշխուժացմանը։
ԼԻԼԱ ծրագիրը շարունակում է իր առաքելությունը՝ խթանելով մարզերում զբոսաշրջության կայուն զարգացումը և ստեղծելով նոր հնարավորություններ համայնքների, մասնագետների և բիզնեսների համար։
«Հայաստանի կենդանի լանդշաֆտները շուկայի զարգացման համար» (ԼԻԼԱ) ծրագիրը ֆինանսավորվում է Շվեյցարիայի զարգացման և համագործակցության գործակալության (SDC) կողմից և իրականացվում է Բնության համաշխարհային հիմնադրամի հայաստանյան մասնաճյուղի (WWF-Հայաստան) և «Ռազմավարական զարգացման գործակալություն» (ՌԶԳ) ՀԿ-ի համատեղ ջանքերով։

