NEWSARM

LILA ՃԱՆԱՊԱՐՀՆ ԱՎԱՐՏՎՈՒՄ Է, ԶԱՐԳԱՑՈՒՄԸ ՇԱՐՈՒՆԱԿՎՈՒՄ

Հայաստանի չորս մարզերում ավելի քան երեք տարվա հետևողական և համակարգված աշխատանքից հետո LILA ծրագիրը մոտենում է իր եզրափակիչ փուլին՝ ոչ թե որպես ավարտ, այլ որպես երկարաժամկետ և կայուն փոփոխությունների նոր մեկնարկ։ Ձեռնարկատիրությունը, էկոտուրիզմը և համայնքային դիմակայուն զարգացման նպատակն աստիճանաբար վերածվեց համագործակցության լայն հարթակի, որտեղ ձևավորվեց ավելի կայուն ապագայի միասնական տեսլական։

Ծրագրի ընթացքում ձեռնարկատիրությունը, էկոտուրիզմը, վայրի հավաքչությունը և տեղական գյուղմթերքի արտադրությունը վերածվեցին համագործակցության լայն հարթակի, որտեղ համայնքները ոչ միայն զարգացրին իրենց տնտեսական ներուժը, այլև դարձան բնության պատասխանատու պահապաններ։ Հայաստանում առաջին անգամ համադրվեցին բնապահպանությունն ու տնտեսական զարգացումը՝ ընտրելով երեք արժեքշղթա՝ կայուն և ներառական զբոսաշրջություն, վայրի հավաքչություն, ինչպես նաև տեղական արտադրության և դրա ինտեգրման զարգացում զբոսաշրջային ու հյուրնկալության ոլորտներում։

Ծրագրի ամփոփիչ մամուլի ասուլիսի ընթացքում Ուրսուլա Լաուբլին (Հայաստանում Շվեյցարիայի դեսպանության առաքելության ղեկավարի տեղակալ / SDC), Լուսինե Գևորգյանը (ՀՀ Էկոնոմիկայի նախարարության Զբոսաշրջության կոմիտեի նախագահ), Լևոն Աղասյանը (WWF-Հայաստանի տնօրեն), Նաիրե Երիցյանը (WWF-Հայաստանի ծրագրի համակարգող) և Ալլա Ղազարյանը (Ռազմավարական Զարգացման Գործակալություն (ՌԶԳ) ՀԿ-ի ծրագրի համակարգող) ներկայացրին ծրագրի իրականացված աշխատանքները Տավուշում, Լոռիում, Վայոց Ձորում և Սյունիքում՝ ընդգծելով LILA-ի դերը համայնքային տնտեսությունների հզորացման, էկոտուրիզմի զարգացման և բնապահպանական պատասխանատու մոտեցումների տարածման գործում։

Ծրագրի շրջանակում կառուցվել և բարեկարգվել են զբոսաշրջային ենթակառուցվածքներ՝ Աթան–Ահնիձոր արահետից մինչև Արենի 1 քարայրի VR փորձառություն, որն այսօր համայնքի այցեքարտերից մեկն է։ Զարգացվել են նոր բնահեն զբոսաշրջային ուղղություններ, որոնք արդեն իսկ ներառվել են գործընկեր տուրօպերատորների փաթեթներում և ներկայացվել միջազգային առաջատար ցուցահանդեսներում։ Մարզերում իրականացվել են տասնյակ վերապատրաստումներ՝ պրոֆեսիոնալ գիդերից մինչև լեռնային ուղեկցորդներ, ապահովելով որակյալ մարդկային ռեսուրսների ձևավորում։

Կանանց տնտեսական մասնակցությունն առանձնահատուկ ուղղություն էր՝ կանայք ներգրավվել են վայրի հավաքչության, տեղական արտադրության և զբոսաշրջության արժեշղթաներում, իսկ բազմաթիվ կին ձեռներեցներ ստացել են ծրագրային աջակցություն՝ ձևավորելով նոր եկամտի աղբյուրներ և տեղական բիզնեսներ։ Միևնույն ժամանակ ամրապնդվել են վայրի բույսերի հավաքման, մշակման ու շուկա դուրսբերման ամբողջ արժեքաշղթան՝ ներդնելով անվտանգ և բնությանը ոչ վնասող մեթոդաբանություն։

Տեղական արտադրողների և զբոսաշրջության ոլորտի կապի ամրապնդումը խթանեց Farm-to-Table մոդելի զարգացումը՝ հնարավորություն տալով մարզային արտադրողներին մատակարարել թարմ և տեղական ինքնությունը ներկայացնող գյուղմթերք։ Այդ գործընթացի կարևոր ձեռքբերումներից էր Տավուշի, Լոռու և Վայոց Ձորի ավանդական խոհանոցին նվիրված ժողովածուների հրապարակումը, որոնք միաժամանակ դարձան գաստրոտուրիզմի նոր գործիք։

Ամփոփիչ միջոցառման ընթացքում ծրագրի շահառուները և համայնքային ներկայացուցիչները պատմեցին իրենց հաջողության պատմությունները՝ ներկայացնելով ինչպես նորաստեղծ էկոտուրիստական ծառայությունները և հզորացված բիզնեսները, այնպես էլ առօրյա կյանքում արդեն ինտեգրված կայուն գործելակերպերը։ Նրանց պատմությունները դարձան վկայություն, որ ծրագրով ստեղծված մոտեցումները ոչ միայն աշխատում են, այլև ձևավորում են երկարաժամկետ փոփոխություններ։

LILA ծրագրի արդյունքներ և ժառանգություն

  • Աջակցություն է տրամադրվել մարզային բիզնեսներին. զբոսաշրջության և հարակից ոլորտների 31 մարզային բիզնեսներ ստացել են ծրագրային բազմակողմանի աջակցություն՝ բարձրացնելով իրենց մրցունակությունն ու ծառայությունների որակը։
  • Ծրագրի տնտեսական զարգացման բաղադրիչի շրջանակներում համագործակցություն է հաստատվել առաջատար ներգնա տուրօպերատորների և զբոսաշրջային կառույցների հետ, ինչը նպաստել է կայուն զբոսաշրջության խթանմանը։
  • Ծրագրի տնտեսական ազդեցությունը զգալի է եղել համայնքներում. ծրագրի աջակցությամբ ավելի քան 600 մարդ, որից 50%-ը կանայք ունեն են զբաղվածություն կամ ինքնազբաղվածություն տուրիզմի և հյուրընկալության, ինչպես նաև տեղական գյուղմթերքի արտադրության և վայրի հավաքչության ոլորտներում։
  • Իրականացվել է լայնածավալ կարողությունների զարգացում. տասնյակ մասնագիտական դասընթացներ են կազմակերպվել ուղղված էկո-, գաստրո-, անվտանգ և պատասխանատու զբոսաշրջության զարգացմանը, մարզային գիդուղեկցորդների պատրաստմանը, վերապատրաստմանը և այլն։
  • Տեղական արտադրանքը և ծառայությունները ձեռք են բերել լայն ճանաչում և կայուն շուկա. արտադրանքն այսօր հաջողությամբ մատակարարվում է զբոսաշրջության և հյուրընկալության ոլորտներին՝ բարձրացնելով տեղական արտադրանքի տեսանելիությունն ու պահանջարկը։

LILA-ի փորձը ապացուցեց, որ բնահեն տնտեսական մոդելները կարող են դառնալ կայուն գյուղական զարգացման հիմնասյուն։ Ծրագիրը ստեղծեց նոր մոտեցումներ, որոնք կարող են ծառայել որպես ուղեցույց Հայաստանի ապագա նախաձեռնությունների համար՝ ամրապնդելով կապը բնության պահպանության և սոցիալ-տնտեսական զարգացման միջև։

LILA-ն իր հետևում թողնում է ոչ միայն արդյունքներ, այլև երկարաժամկետ և ամուր հիմք՝ մի ապագայի համար, որտեղ Հայաստանի համայնքները շարունակելու են զարգանալ՝ դառնալով ավելի ուժեղ, կանաչ և դիմակայուն։

«Հայաստանի կենդանի լանդշաֆտները շուկայի զարգացման համար» (ԼԻԼԱ) ծրագիրը ֆինանսավորվում է Շվեյցարիայի զարգացման և համագործակցության գործակալության (SDC) կողմից և իրականացվում է Բնության համաշխարհային հիմնադրամի հայաստանյան մասնաճյուղի (WWF-Հայաստան) և «Ռազմավարական զարգացման գործակալություն» (ՌԶԳ) ՀԿ-ի համատեղ ջանքերով։