NEWSARM

LILA ծրագրի աջակցությամբ մեկնարկել է արկածային զբոսաշրջության կարողությունների հզորացման դասընթացը

«Հայաստանի կենդանի լանդշաֆտները շուկայի զարգացման համար» (ԼԻԼԱ) ծրագրի շրջանակում հոկտեմբերի 1-ին մեկնարկեց «Լեռնային, սպորտային և արկածային զբոսաշրջության զարգացման նպատակով կարողությունների հզորացման» խորացված դասընթացը՝ նպատակ ունենալով զարգացնել փորձառու լեռնագնացների, արշավորդների և ոլորտում ներգրավված մասնագետների կարողությունները՝ ապահովելու անվտանգ, պատասխանատու և միջազգային չափանիշներին համապատասխան արկածային զբոսաշրջության կազմակերպում Հայաստանում։

Դասընթացը իրականացվում է «Ալպինիզմի և լեռնային տուրիզմի հայկական ֆեդերացիայի» կողմից՝ ոլորտում ճանաչված և փորձառու մասնագետների ներգրավմամբ։ Դասընթացավարներն են Սուրեն Դանիելյանը, Անտուան Անանյանը, Էդգար Նավասրդյանը, Նարինե Ճաղարյանը և Գեղամ Ալոյանը։

Դասընթացը համադրում է տեսական և գործնական բաղադրիչներ. տեսական դասերը՝ լսարանային ձևաչափով, իսկ գործնական պարապմունքները նախատեսված են Լոռու մարզի լեռնային միջավայրում, որտեղ մասնակիցները հնարավորություն կստանան գործնականում կիրառել ձեռք բերված գիտելիքներն ու տեխնիկական հմտությունները՝ իրական դաշտային պայմաններում։

Մասնակիցների ընտրությունն իրականացվել է խիստ չափանիշներով՝ հաշվի առնելով առնվազն երեք տարվա ոլորտային փորձը, բարձր ֆիզիկական պատրաստվածությունը և դասընթացին լիարժեք ներգրավվածության պահանջներին ծրագրի ամբողջական մասնակցության պատրաստակամությունը, ներառյալ մարզային ուղևորություններն ու գործնական վարժանքները։

Դասընթացի ընթացքում մասնակիցները ձեռք են բերում հմտություններ՝

🔹 Արկածային զբոսաշրջության պլանավորման, երթուղու կազմման, ռիսկերի գնահատման և անվտանգության ապահովման վերաբերյալ

🔹 Ժայռամագլցման, պարանի տեխնիկայի, հանգույցների կապման, սարքավորումների ճիշտ օգտագործման

🔹 Արտակարգ իրավիճակներում խմբի կառավարման, կողմնորոշման, առաջին օգնության տրամադրման բարդ տեղանքում

🔹 Ջրային արկածային բաղադրիչի կազմակերպման՝ ներառյալ սապբորդ, կայակ և գետանցման հմտություններ

🔹 Կապի տեխնոլոգիաների կիրառման՝ GPS, ռադիոկապ, բջջային կապի միջոցներով օգնություն կանչելու մեխանիզմների

Այս դասընթացը կարևոր ներդրում է ոչ միայն մասնակիցների մասնագիտական աճի, այլև՝ Հայաստանում արկածային զբոսաշրջության որակական զարգացման, անվտանգության նոր ստանդարտների ձևավորման և պատասխանատու զբոսաշրջային մշակույթի կայացման գործում։

«Հայաստանի կենդանի լանդշաֆտները շուկայի զարգացման համար» (ԼԻԼԱ) ծրագիրն իրականացվում է Բնության համաշխարհային հիմնադրամի հայաստանյան մասնաճյուղի կողմից (WWF-Հայաստան) «Ռազմավարական զարգացման գործակալություն» ՀԿի հետ համատեղ: Ծրագիրը ֆինանսավորվում է Շվեյցարիայի զարգացման և համագործակցության գործակալության (SDC) կողմից։