NEWSARM

INLIMA Պետություն-մասնավոր հատված երկխոսության հարթակում քննարկվել են Հայաստանի կաթի արժեշղթայի զարգացման համակարգային մարտահրավերներն ու լուծումները

2026թ․ հուլիսի 16-ին «Նորարարական անասնապահություն կենդանիների նախրաքաշ, բուծում և շուկաներ» (INLIMA) ծրագրի շրջանակներում տեղի ունեցավ «Պետություն-մասնավոր հատված համագործակցության ամրապնդման երկխոսություն» խորագրով բազմակողմ քննարկումը, որի նպատակն էր համախմբել պետական կառույցների, մասնավոր հատվածի և ոլորտի այլ շահագրգիռ կողմերի ներկայացուցիչներին՝ կաթի արժեշղթայում առկա համակարգային խնդիրների համատեղ վերլուծության և դրանց լուծման ուղիների մշակման նպատակով։

Միջոցառմանը մասնակցեցին Ավստրիական զարգացման գործակալության (ADA) հայաստանյան գրասենյակի ծրագրերի ղեկավար Վահե Սարգսյանը, ՀՀ Էկոնոմիկայի նախարարի տեղակալ Տաթևիկ Սարգսյանը, ՀՀ Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավարի տեղակալ Հայկ Սարգսյանը, ինչպես նաև ՀՀ Պետական եկամուտների կոմիտեի, կաթի և կաթնամթերքի արտադրությամբ ու վերամշակմամբ զբաղվող ընկերությունների, ֆերմերային տնտեսությունների ներկայացուցիչներ։

Քննարկման ընթացքում մասնակիցներն անդրադարձան կաթի արժեշղթայում առկա առանցքային մարտահրավերներին, որոնք շարունակում են ազդել ինչպես ոլորտի մրցունակության, այնպես էլ սպառողների վստահության և շուկայի թափանցիկության վրա։ Մասնավորապես քննարկվեցին բնական կաթից և կաթնայուղի փոխարինիչներով պատրաստված արտադրանքի հստակ տարանջատման, կաթնամթերքի մակնշման քաղաքականության, հարկային վարչարարության, ԱԱՀ կարգավորումների, արտահանման հնարավորությունների, ինչպես նաև ֆերմեր-վերամշակող համագործակցության արդյունավետությանն առնչվող հարցերը։

Բացման խոսքով հանդես եկած պաշտոնյաները կարևորեցին պետություն-մասնավոր հատված շարունակական երկխոսության դերը՝ ընդգծելով, որ ոլորտի կայուն զարգացումը հնարավոր է միայն համատեղ պատասխանատվության, փոխադարձ վստահության և համակարգված համագործակցության պայմաններում։

Միջոցառման ընթացքում ներկայացվեցին նաև ՀՀ Էկոնոմիկայի նախարարության կողմից իրականացվող և նախատեսվող պետական աջակցության ծրագրերը, Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի կողմից իրականացվող կարգավորող և վերահսկողական աշխատանքները, որոնց վերաբերյալ մասնակիցները հնարավորություն ունեցան ուղղել իրենց հետաքրքրող հարցերը և ներկայացնել գործնական առաջարկություններ։

Ներկայացվեց նաև INLIMA ծրագրի ընթացքն ու հիմնական ուղղությունները։ Ծրագիրն իրականացվում է «Ռազմավարական զարգացման գործակալություն» հասարակական կազմակերպության կողմից՝ Ավստրիական զարգացման գործակալության (ADA) ֆինանսավորմամբ, և նպատակ ունի նպաստել Հայաստանում անասնապահության ոլորտի կայուն զարգացմանը՝ կենդանիների կազմակերպված նախրաքաշի, տոհմաբուծության և շուկաների հասանելիության բարելավման միջոցով։

Քննարկման երկրորդ հատվածն անցկացվեց բաց երկխոսության ձևաչափով, որի ընթացքում պետական կառույցների ներկայացուցիչները, ֆերմերները, կաթ վերամշակող կազմակերպությունները և ոլորտի այլ մասնակիցներ բարձրաձայնեցին ոլորտում առկա հիմնական խնդիրները, ներկայացրին առաջարկություններ և քննարկեցին դրանց լուծման հնարավոր տարբերակները։

Միջոցառման ավարտին մասնակիցները կարևորեցին նման ձևաչափերի շարունակական իրականացումը՝ որպես ոլորտային քաղաքականությունների կատարելագործման, մասնավոր հատվածի հետ արդյունավետ համագործակցության և կաթի արժեշղթայի մրցունակության բարձրացման կարևոր գործիք։ Քննարկման ընթացքում ներկայացված առաջարկություններն ու արձանագրված խնդիրները հիմք կծառայեն ոլորտի հետագա զարգացմանն ուղղված համագործակցության և ծրագրային միջամտությունների պլանավորման համար։

«Նորարարական անասնապահություն կենդանիների նախրաքաշ, բուծում և շուկաներ» (INLIMA) ծրագիրն իրականացվում է «Ռազմավարական զարգացման գործակալություն» ՀԿ-ի կողմից՝ Ավստրիական զարգացման և համագործակցության ծրագրային միավոր Ավստրիայի զարգացման գործակալության ֆինանսավորմամբ: