NEWSARM

IADAAM Շահագրգիռ կողմերի քարտեզագրում. AEST և Էկոնոմիկայի նախարարության թիմերը զարգացնում են նոր հմտություններ

2025թ․ նոյեմբերի 12-ին «Ոռոգվող գյուղատնտեսության զարգացումը Արարատի և Արմավիրի մարզերում» (IADAAM) ծրագրի շրջանակում անցկացվեց դասընթաց՝ նվիրված «Շահագրգիռ կողմերի քարտեզագրմանը և տվյալների հավաքագրմանը»։

Դասընթացը, որը վարեց IADAAM ծրագրի մշտադիտարկման և գնահատման փորձագետ Աննա Սարգսյանը, նախագծված էր Գյուղաջակցության խորհրդատվական ծառայության (AEST) և ՀՀ Էկոնոմիկայի նախարարության (MoE) ներկայացուցիչների համար։

Դասընթացի  նպատակն էր խորացնել մասնակիցների գիտելիքներն ու հմտությունները շահագրգիռ կողմերի քարտեզագրման ոլորտում՝ այն դիտարկելով որպես շարունակական և դինամիկ գործընթաց։ Քննարկվեցին շահագրգիռ կողմերի նույնականացման, վերլուծության և դասակարգման մոտեցումները, ինչպես նաև տվյալների հավաքագրման և վերլուծության գործիքները՝ համահունչ ծրագրի նպատակներին։

Արդյունավետ համագործակցության և նորարարական մոտեցումների խթանման շնորհիվ Գյուղաջակցության խորհրդատվական ծառայության և նախարարության ներկայացուցիչները համալրեցին իրենց գիտելիքներն ու հմտությունները՝ նպաստելով Հայաստանի ոռոգվող գյուղատնտեսության ոլորտում տվյալահեն և նպատակային փոփոխություններին։

 «Հայաստան – Ոռոգվող գյուղատնտեսության զարգացումը Արարատի և Արմավիրի մարզերում» (IADAAM) ծրագիրը, որը ֆինանսավորվում է Եվրոպական միության կողմից (ԵՄ) և իրականացվում Զարգացման ֆրանսիական գործակալության (ԶՖԳ) աջակցությամբ, նպատակ ունի վերափոխել ոռոգվող գյուղատնտեսությունը Հայաստանում։

ՀՀ էկոնոմիկայի նախարարության կողմից իրականացվող ծրագրի տեխնիկական աջակցության բաղադրիչն իրականացվում է «Ագրո քընսալթինգ Եվրոփ»-ի, «Ավենյու քընսալթինգ գրուպ»-ի, «Ռազմավարական զարգացման գործակալություն» ՀԿ-ի և «3 ԱՐ Ստրատեգիա» ՍՊԸ մասնակցությամբ կոնսորցիումի կողմից՝ գյուղատնտեսական քաղաքականության ամրապնդման և ոլորտային բարեփոխումների առաջխաղացման նպատակով։