Դեկտեմբերի 20-21-ին Արարատ համայնքում իրականացվեց էտի գործնական դասընթաց, որի շրջանակում ֆերմերները ծանոթացան պտղատու մշակաբույսերի էտի և ձևավորման ժամանակակից մոտեցումներին։ Դասընթացը ներառեց կորիզավոր պտղատեսակների, ինչպես նաև նշենու, ազնվամորու, թթենու, մորենու, մոշենու և խաղողի էտի առանձնահատկությունների գործնական ներկայացում՝ հիմնված գիտահեն և արդյունավետ կառավարման սկզբունքների վրա։
Գործնական աշխատանքների և փորձի փոխանակման միջոցով ֆերմերները զարգացրին իրենց մասնագիտական հմտությունները՝ ուղղված այգիների ճիշտ կառավարմանը, բույսերի առողջ զարգացմանը և բերքատվության կայուն բարձրացմանը։
«Հայաստան – Ոռոգվող գյուղատնտեսության զարգացումը Արարատի և Արմավիրի մարզերում» (IADAAM) ծրագիրը, որը ֆինանսավորվում է Եվրոպական միության կողմից (ԵՄ) և իրականացվում Զարգացման ֆրանսիական գործակալության (ԶՖԳ) աջակցությամբ, նպատակ ունի վերափոխել ոռոգվող գյուղատնտեսությունը Հայաստանում։
ՀՀ էկոնոմիկայի նախարարության կողմից իրականացվող ծրագրի տեխնիկական աջակցության բաղադրիչն իրականացվում է «Ագրո քընսալթինգ Եվրոփ»-ի, «Ավենյու քընսալթինգ գրուպ»-ի, «Ռազմավարական զարգացման գործակալություն» ՀԿ-ի և «3 ԱՐ Ստրատեգիա» ՍՊԸ մասնակցությամբ կոնսորցիումի կողմից՝ գյուղատնտեսական քաղաքականության ամրապնդման և ոլորտային բարեփոխումների առաջխաղացման նպատակով։

