NEWSARM

Ի՞նչու է բազմաբույս մշակությունը կայուն գյուղատնտեսության ապագան

Այսօր աշխարհը կանգնած է կլիմայական փոփոխությունների, հողի հյուծման և սննդի աճող պահանջարկի մարտահրավերների առջև։ Այս համատեքստում բազմաբույս մշակությունը (multicrop farming) դիտարկվում է որպես ժամանակակից, էկոլոգիապես հավասարակշռված և տնտեսապես արդյունավետ լուծում, որը միաժամանակ նպաստում է ինչպես ֆերմերների բարեկեցությանը, այնպես էլ շրջակա միջավայրի պահպանմանը։

Բազմաբույս մշակության առավելությունները՝

Հողի առողջության վերականգնում

Տարբեր մշակաբույսերի համատեղ կամ հերթական մշակումը վերականգնում է հողի սննդարար նյութերի հավասարակշռությունը։ Օրինակ՝ հատիկաընդեղենը նպաստում է ազոտի բնական կուտակմանը հողի մեջ՝ կրճատելով արհեստական պարարտանյութերի անհրաժեշտությունը։

Վնասատուների և հիվանդությունների կանխարգելում

Բազմազան մշակաբույսերը խաթարում են վնասատուների և հիվանդությունների զարգացումը՝ նվազեցնելով քիմիական միջամտության կարիքը։ Մեկ մշակաբույսի խոցելիության դեպքում մյուսները գործում են որպես պաշտպանիչ պատնեշ։

Կայունություն կլիմայական անբարենպաստ պայմաններում

Բազմաբույս մշակությունը մեծացնում է համակարգի դիմադրողականությունը։ Եթե տվյալ տարում մի մշակաբույս տուժում է երաշտից կամ վնասատուներից, մյուսներն ապահովում են բերքի առնվազն մասնակի պահպանում՝ կայուն եկամուտ բերելով գյուղացիներին։

Ավելի բարձր եկամտաբերություն

Բազմաբույս համակարգերը հնարավորություն են տալիս տարբեր բերքեր հավաքել տարբեր ժամանակներում՝ մուտք ունենալով տարբեր շուկաներ և նվազեցնելով կախվածությունը մեկ մշակաբույսից։ Սա մեծացնում է ընդհանուր եկամտաբերությունն ու նվազեցնում տնտեսական ռիսկերը։

Հողային ռեսուրսների արդյունավետ օգտագործում

Բազմաբույս մշակությունն ապահովում է հողերի առավելագույն օգտագործումը՝ առանց նոր տարածքների յուրացման։ Մշակման սեզոնների և տարածքի օպտիմալ կառավարումը մեծացնում է արտադրողականությունը։

Շրջակա միջավայրի պահպանություն

Բազմաբույս մշակությունը նպաստում է հողի էրոզիայի նվազեցմանը, կենսաբազմազանության խթանմանը և քիմիական նյութերի օգտագործման կրճատմանը՝ ստեղծելով կայուն և առողջ գյուղական էկոհամակարգեր։

Բազմաբույս մշակությունը պարզապես ագրոտեխնիկական մեթոդ չէ, այլ՝ երկարաժամկետ կայունությանն ուղղված համապարփակ, էկոլոգիական սկզբունքների վրա հիմնված ռազմավարություն։ Այն կարող է վերափոխել պարենային համակարգերը, բարձրացնել գյուղական համայնքների դիմակայունությունը և պահպանել մեր բնական ռեսուրսները։

«Ոռոգվող գյուղատնտեսության զարգացումը Արարատի և Արմավիրի մարզերում» (IADAAM) ծրագիրը, որը ֆինանսավորվում է Եվրոպական միության միջոցով (ԵՄ), Զարգացման ֆրանսիական գործակալության (ԶՖԳ) իրականացմամբ, համապարփակ նախաձեռնություն է, որի նպատակն է վերափոխել ոռոգվող գյուղատնտեսությունը Հայաստանում։
IADAAM ծրագրում տեխնիկական աջակցության բաղադրիչն իրականացվում է «Ագրո քընսալթինգ Եվրոփ»-ի գլխավորած «Ավենյու քընսալթինգ գրուպ»-ի, «Ռազմավարական զարգացման գործակալություն» ՀԿ-ի և «3 ԱՐ Ստրատեգիա» ՍՊԸ մասնակցությամբ կոնսորցիումի կողմից, որը հանդես է գալիս որպես ծրագրի օպերատոր՝ նպատակ ունենալով ինստիտուցիոնալ աջակցություն տրամադրել ՀՀ էկոնոմիկայի նախարարությանը՝ թիրախային ոլորտներում գյուղատնտեսական քաղաքականության և բարեփոխումների մշակման գործում։