NEWSARM

IADAAM-ը դպրոցներում` սերմանելով գիտելիք, կառուցելով ապագա

Մեկնարկեցին IADAAM ծրագրի դպրոցական իրազեկման և ներգրավման այցերը՝ նպատակ ունենալով աշակերտներին ծանոթացնել ժամանակակից, կլիմակայուն և նորարար գյուղատնտեսության աշխարհին։

Ավշարի միջնակարգ դպրոցի աշակերտներին ողջունեցին Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության միջազգային աջակցության և համագործակցության հարցերով պատասխանատու Սուսանա Մարտինսը և Ֆրանսիական զարգացման գործակալության (AFD) Հայաստանում ծրագրերի պատասխանատու Օդրի Գուրդիենը՝ ընդգծելով երիտասարդների կրթության, զարգացած գյուղատնտեսության և գյուղական համայնքների զարգացման կարևորությունը։

IADAAM ծրագիրը դպրոց է բերում մի կարևոր ուղերձ՝ գյուղատնտեսությունը 21-րդ դարում միայն ավանդույթ չէ։ Այն նորարարություն է, տեխնոլոգիա, բնապահպանական պատասխանատվություն և ապագայի զարգացման առանցքային ուղղություն։

Այս նախաձեռնությունը նպատակ ունի ձևավորել գիտակից, պատասխանատու և նորարար երիտասարդների սերունդ, որը վաղը կկառուցի ավելի կայուն, արդյունավետ և կլիմակայուն գյուղատնտեսություն Հայաստանում։

Յուրաքանչյուր սերմ, որը տնկվում է այսօր, վաղը կարող է վերածվել մեծ փոփոխության։

«Հայաստան – Ոռոգվող գյուղատնտեսության զարգացումը Արարատի և Արմավիրի մարզերում» (IADAAM) ծրագիրը, որը ֆինանսավորվում է Եվրոպական միության կողմից (ԵՄ) և իրականացվում Զարգացման ֆրանսիական գործակալության (ԶՖԳ) աջակցությամբ, նպատակ ունի վերափոխել ոռոգվող գյուղատնտեսությունը Հայաստանում։

ՀՀ էկոնոմիկայի նախարարության կողմից իրականացվող ծրագրի տեխնիկական աջակցության բաղադրիչն իրականացվում է «Ագրո քընսալթինգ Եվրոփ»-ի, «Ավենյու քընսալթինգ գրուպ»-ի, «Ռազմավարական զարգացման գործակալություն» ՀԿ-ի և «3 ԱՐ Ստրատեգիա» ՍՊԸ մասնակցությամբ կոնսորցիումի կողմից՝ գյուղատնտեսական քաղաքականության ամրապնդման և ոլորտային բարեփոխումների առաջխաղացման նպատակով: