«Ոռոգվող գյուղատնտեսության զարգացումը Արարատի և Արմավիրի մարզերում» (IADAAM) ծրագրի շրջանակում Գյուղաջակցության խորհրդատվական ծառայության թիմը (AEST) կատարեց աշխատանքային այց Վեդի համայնքի Ոսկետափ բնակավայր` նպատակ ունենալով վերհանել խաղողի և լոլիկի արժեշղթաների ընթացիկ խնդիրներն ու զարգացման հնարավոր ուղիները։
Խաղող և լոլիկ արտադրող ֆերմերների, հավաքագրման ու իրացման գործընթացում ներգրավված դերակատարների հետ հանդիպումների և դաշտային այցերի արդյունքում առանձնացվեցին մի շարք հիմնախնդիրներ՝
▪️ Վաճառքի դժվարություններ և ցածր մթերումային գներ՝ շուկայի հեռավորության, կազմակերպվածության պակասի և գործարանների հետ կնքված ոչ շահավետ պայմանագրերի հետևանքով
▪️ Թունաքիմիկատների և պարարտանյութերի բարձր գներ և ցածր որակ, ինչը նպաստում է հիվանդությունների, մասնավորապես՝ պտղակեր տեսակների տարածմանը
▪️ Գյուղտեխնիկայի սահմանափակ հասանելիություն և սեզոնային բարձր ծանրաբեռնվածություն
▪️ Աշխատուժի պակաս՝ պայմանավորված երիտասարդների արտահոսքով և օրավարձով աշխատանքի ոչ գրավչությամբ
▪️ Վարկային ռեսուրսների սահմանափակ հասանելիություն՝ բարձր տոկոսադրույքների պատճառով
▪️ Հողի որակի անբավարար գնահատում՝ հողի անալիզների բացակայության պայմաններում
Վերհանված մարտահրավերները հիմք կդառնան Գյուղաջակցության խորհրդատվական ծառայության նպատակային խորհրդատվական միջամտությունների նախագծման և քաղաքականության ձևավորման համար՝ ուղղված մրցունակ, դիմակայուն և կայուն գյուղատնտեսական համակարգի կառուցմանը։
«Ոռոգվող գյուղատնտեսության զարգացումը Արարատի և Արմավիրի մարզերում» (IADAAM) ծրագիրը, որը ֆինանսավորվում է Եվրոպական միության միջոցով (ԵՄ), Զարգացման ֆրանսիական գործակալության (ԶՖԳ) իրականացմամբ, համապարփակ նախաձեռնություն է, որի նպատակն է վերափոխել ոռոգվող գյուղատնտեսությունը Հայաստանում։
IADAAM ծրագրում տեխնիկական աջակցության բաղադրիչն իրականացվում է «Ագրո քընսալթինգ Եվրոփ»-ի գլխավորած «Ավենյու քընսալթինգ գրուպ»-ի, «Ռազմավարական զարգացման գործակալություն» ՀԿ-ի և «3 ԱՐ Ստրատեգիա» ՍՊԸ մասնակցությամբ կոնսորցիումի կողմից, որը հանդես է գալիս որպես ծրագրի օպերատոր՝ նպատակ ունենալով ինստիտուցիոնալ աջակցություն տրամադրել ՀՀ էկոնոմիկայի նախարարությանը՝ թիրախային ոլորտներում գյուղատնտեսական քաղաքականության և բարեփոխումների մշակման գործում։

