«Ոռոգվող գյուղատնտեսության զարգացումը Արարատի և Արմավիրի մարզերում» (IADAAM) Գյուղաջակցության խորհրդատվական ծառայության (AEST) Վեդիի և Արտաշատի թիմերը հանդիպեցին Այգավանի բնակիչների և համայնքի վարչական ղեկավարի հետ։
Հանդիպման ընթացքում գյուղաջակցության խորհրդատուները համապարփակ ներկայացրեցին ծրագրի բոլոր բաղադրիչները՝ ընդգծելով գյուղատնտեսական խորհրդատվական ծառայությունների, գիտելիքի փոխանցման և ֆերմերների կարողությունների զարգացման կարևորությունը։
Թիմը ներկայացրեց նաև ցուցադրական ֆերմաների ստեղծման գաղափարը, դրանց նպատակներն ու դիմելու ընթացակարգը։ Բնակիչներին փոխանցվեցին դիմումի ձևերը, իսկ խորհրդատուները տեղում աջակցեցին դրանք լրացնելու գործընթացում։
Հանդիպումից հետո իրականացվել են 10 դաշտային այցեր․ Նոյակերտ համայնքում թիմերը հանդիպել են ցուցադրական ֆերմայի համար դիմած մի շարք պոտենցիալ թեկնածուների, տեղում գնահատել նրանց ֆերմաները և քննարկել հնարավոր համագործակցության ուղղությունները։
Այցի ընթացքում խորհրդատուները հանդիպել են նաև Արարատ բնակավայրի վարչական ղեկավարի հետ՝ ներկայացնելու ծրագրի ընթացիկ քայլերը և համատեղ աշխատանքի հնարավորությունները։
Այսպիսի հանդիպումները նպաստում են գյուղատնտեսների և համայնքների ակտիվ ներգրավվածությանը՝ խթանելով կայուն և նորարար գյուղատնտեսության զարգացումը Արարատի մարզում։
«Հայաստան – Ոռոգվող գյուղատնտեսության զարգացումը Արարատի և Արմավիրի մարզերում» (IADAAM) ծրագիրը, որը ֆինանսավորվում է Եվրոպական միության կողմից (ԵՄ) և իրականացվում Զարգացման ֆրանսիական գործակալության (ԶՖԳ) աջակցությամբ, նպատակ ունի վերափոխել ոռոգվող գյուղատնտեսությունը Հայաստանում։
ՀՀ էկոնոմիկայի նախարարության կողմից իրականացվող ծրագրի տեխնիկական աջակցության բաղադրիչն իրականացվում է «Ագրո քընսալթինգ Եվրոփ»-ի, «Ավենյու քընսալթինգ գրուպ»-ի, «Ռազմավարական զարգացման գործակալություն» ՀԿ-ի և «3 ԱՐ Ստրատեգիա» ՍՊԸ մասնակցությամբ կոնսորցիումի կողմից՝ գյուղատնտեսական քաղաքականության ամրապնդման և ոլորտային բարեփոխումների առաջխաղացման նպատակով։

