HomePageARM, NEWSARM

Սպառողի իրավունքների պաշտպանության օրվան ընդառաջ կազմակերպվեց իրազեկման արշավ

Ինչպես և նախորդ չորս տարիներին, այս տարի ևս ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը, «Ռազմավարական զարգացման գործակալություն» հասարակական կազմակերպության ակտիվ աջակցությամբ ու ֆինանսավորմամբ, մարտի 15-ին նախորդող շաբաթվա ընթացքում անցկացրեց իրազեկման մի շարք միջոցառումներ: «Ռազմավարական զարգացման գործակալություն» հասարակական կազմակերպության հետ համագործակցությունն իրականացվում է Շվեյցարիայի Զարգացման և Համագործակցության Գործակալության ֆինանսական աջակցությամբ իրականացվող «Անասնապահության զարգացում Հայաստանի հարավում» ծրագրի շրջանակներում:

Իրազեկման միջոցառումների շրջանակում՝ Երևանի դպրոցներից մեկում և Հայաստանի ազգային ագրարային համալսարանում աշակերտներին և ուսանողներին ներկայացվեցին սպառողի իրավունքներն ու պարտականությունները, խոսվեց, թե որքան կարևոր է կրթված և իրազեկ լինելը՝ սեփական իրավունքները պաշտպանելու, լսելի լինելու և չմոլորեցվելու տեսանկյունից:

Բնակչության սպառման համար մատակարարվող սննդամթերքի անվտանգության ապահովման խնդիրը համարվում է մեր երկրի պարենային անվտանգության կարևորագույն բաղադրիչներից մեկը: Տեղեկացված սպառողը, ով սննդամթերքի ընտրությունն իրականացնում է գրագետ՝ հաշվի առնելով դրա անվտանգությունն ու որակը, մեծագույն ներդրում է կատարում սննդամթերքի անվտանգության համակարգի կայացման գործում: