NEWSARM

Պանրի օր Տաշիրում

Սույն թվականի հոկտեմբերի 28-ին պանրագործության հարուստ մշակույթ ունեցող Տաշիր քաղաքում, «Ռազմավարական զարգացման գործակալություն» ՀԿ-ի (ՌԶԳ ՀԿ) կողմից իրականացվող RECONOMY-ի «Հմտությունների և գիտելիքի զարգացում» պիլոտային ծրագրի շրջանակներում  ծրագրի գործընկեր Հայաստանի պանրագործների միության հետ  կազմակերպվեց «Պանրի օր Տաշիրում» միջոցառումը։ Միջոցառմանը ներկա էին ՀՀ Լոռու մարզի 6 պանիր արտադրող ընկերություն, որոնք ոչ միայն ներկայացրեցին և վաճառեցին իրենց արտադրանքը, այլ նաև մրցեցին երեք անվանակարգով՝ լավագույն նորույթ, լավագույն ավանդական պանիր և լավագույն լոռի։

Փառատոնի հյուրերը հնարավորություն ունեցան համտեսել ցուցադրված պանիրների ամբողջ տեսականին և գնահատել դրանց որակական ու համային հատկանիշները:

«Ստեփանավանի պետական գյուղատնտեսական քոլեջ»-ի  և Հայաստանի ազգային ագրարային համալսարանի «Կաթի և կաթնամթերքի տեխնոլոգիա» մասնագիտության ուսանողների համար կազմակերպվել էր ցուցադրական դաս՝ բարձրարժեք պանիրների պատրաստման ցուցադրությամբ։

Պանրի, հացի, գինու, թեյի ու քաղցրավենիքի առատ հյուրասիրությունն ու համտեսը, ինչպես նաև հայկական ժողովրդական երաժշտությունը դարձրեցին միջոցառումն իսկական տոն տաշիրցիների և հյուրերի համար:

RECONOMY-ն Շվեդիայի միջազգային համագործակցության զարգացման գործակալության (Sida) -ի տարածաշրջանային ներառական և կանաչ տնտեսական զարգացման ծրագիրն է, որն իրականացվում է HELVETAS Swiss Intercooperation-ի կողմից՝ համագործակցելով ՌԶԳ ՀԿ-ի եւ Արևելյան Գործընկերության ու Արևմտյան Բալկանների այլ կազմակերպությունների հետ։