NEWSARM

Շվեյցարիայի Համադաշնության Ազգային խորհրդի պատգամավորներն այցելեցին «Երփին» պանրի արտադրամաս

Աշխատանքային այցով Հայաստան ժամանած Շվեյցարիայի Համադաշնության Ազգային խորհրդի պատգամավորներ` Շտեֆան Մյուլեր-Ալտերմատը և Միշել Մատերը, Շվեյցարիա-Հայաստան խորհրդարանական բարեկամության խմբի գլխավոր քարտուղար Սարգիս Շահինյանի, ՀՀ-ում Շվեյցարիայի արտակարգ և լիազոր դեսպան Լուկաս Ռոզենկրացի ու ՀՀ-ում Շվեյցարիայի փոխդեսպան Վերներ Թութի ուղեկցությամբ հոկտեմբերի 16-ին այցելեցին Վայոց ձորի մարզի Արենի համայնքում գտնվող «Երփին» պանրի արտադրամաս։

Այցի նպատակն էր ծանոթանալ Շվեյցարիայի զարգացման և համագործակցության գործակալության ֆինանսական աջակցությամբ, «Ռազմավարական զարգացման գործակալություն» ՀԿ-ի կողմից իրականացված «Անասնապահության զարգացում Հայաստանի հարավում» ծրագրի շահառու՝ «Երփին» կոոպերատիվի հաջողություններին և արտադրության ընդլայնմանը։ Թեև վերոնշյալ ծրագիրն ավարտվել էր, սակայն ծրագրի աջակցությունը թույլ է տվել ապահովել «Երփին» կոոպերատիվը կայուն զարգացումը։

Այցի մասնակիցները շրջեցին պանրի արտադրամասով, ծանոթացան արտադրվող տեսականուն և արտադրամասի առջև ծառացած խնդիրներին։

Հանդիպմանը «Ռազմավարական զարգացման գործակալություն» ՀԿ-ի նախագահ Մկրտիչ Այվազյանը ներկայացրեց կազմակերպության կողմից իրականացվող ընթացիկ ծրագրերն ու նախորդ խոշոր երկու անասնապահության զարգացմանը միտված ծրագրերի արդյունքները։