HomePageARM, NEWSARM

Նախրաքարշի ճանապարհային քարտեզի նախագծի ներկայացում և քննարկում

21.07.2021 Սյունիքի անասնաշուկայում «Անասնապահության զարգացում Հայաստանի հարավում» ծրագրի աջակցությամբ իրականացվող ՀՀ Սյունիքի մարզում նախրաքարշի կազմակերպմանն ուղղված նախաձեռնության շրջանակներում տեղի է ունեցել նախիրների նախագծված արոտահանման ճանապարհային քարտեզի ներկայացում և քննարկում։

Հանդիպմանը մասնակցել են ՀՀ Սյունիքի մարզի Տաթև, Տեղ, Գորիս, Գորայք խոշորացված համայնքների ներկայացուցիչներ, նախագծող կազմակերպության մասնագետներ և ՌԶԳ ՀԿ ծրագրային աշխատակիցներ։

Քննարկման ընթացքում ևս մեկ անգամ մատնանշվեց նախրաքարշի կարևորությունը և նախաձեռնության անհրաժեշտությունը համայնքների համար։

Նախագծող կազմակերպության ներկայացուցիչ Գագիկ Բեգլարյանը ներկայացրեց նախագծման ընթացքում իրականացված աշխատանքները, ստացված արդյունքները՝ ճանապարհային քարտեզը և հովիվների ու կենդանիների շարժը պատշաճ կազմակերպելու և ապահովելու համար առկա ու անհրաժեշտ ենթակառուցվածքների տեղադիրքերը։

Նախրաքարշի Ճանապարհային քարտեզի ներկայացման և քննարկման ընթացքում ներկայացվեցին նաև բոլոր համայնքների վարչական տարածքների սահմանագծերում կենդանիների շարժը և անասնաբուժական միջոցառումները վերահսկելու նպատակով անցակետերի կառուցման ու նախրաքարշի երկարությամբ ջրային ռեսուրսների առկայությունը պարզելու և ենթակառուցվածքների առավել հարմար տեղորոշումների վերաբերյալ առաջարկներ։ Հանդիպման ավարտին մատնանշվեցին նախրաքարշի ճանապարհային քարտեզի իրագործման հետագա քայլերը:

Հ.Գ. Նախաձեռնության գաղափարը առաջ է եկել 2019 թվականի ապրիլի 30-ին ՀՀ Բնական Կերհանդակների` Արոտավայրերի և Խոտհարքների Կայուն Կառավարմանն Ուղղված Ծրագրերի Համակարգման Հարթակի 4-րդ աշխատաժողովին, երբ Սյունիքի մարզպետարանի և համայնքների կողմից բարձրաձայնվեց Սյունիքի մարզի Գորիս, Տեղ և Տաթև համայնքների խոշոր և մանր եղջերավոր կենդանիների կանոնակարգված տեղաշարժի խնդիրը: