NEWSARM

Մեկնարկել է տեղեկատվական արշավ «Անասնապահության զարգացում Հայաստանում՝ հարավ-հյուսիս 2» ծրագրի շրջանակներում

Սույն թվականի հուլիս և օգոստոս ամիսների ընթացքում «Ռազմավարական զարգացման գործակալություն» ՀԿ-ի կողմից՝ Ավստրիայի Զարգացման Գործակալության Ավստրիական Զարգացման և Համագործակցության ծրագրային միավորի ֆինանսավորմամբ իրականացվող «Անասնապահության զարգացում Հայաստանում՝ հարավ-հյուսիս 2» ծրագրի շրջանակներում կիրականացվի տեղեկատվական արշավ ՀՀ Սյունիքի, ՀՀ Շիրակի և ՀՀ Գեղարքունիքի մարզերում։

Արշավի նպատակն է «Անասնապահության զարգացում Հայաստանում՝ հարավ-հյուսիս 2» ծրագրի բոլոր բաղադրիչների ներկայացում, ծրագրի թիրախային խմբերի հետ հանդիպումներ, ծրագրի ընթացքում անցկացվելիք դասընթացների և ծրագրային միջամտությունների ներկայացում, ինչպես նաև ծրագրի իրականացման ընթացքում ակնկալվող արդյունքների քննարկում։

«Անասնապահության զարգացում Հայաստանում՝ հարավ-հյուսիս 2» ծրագրի նպատակն է  նպաստել Հայաստանի անասնապահությամբ զբաղվող համայնքների ներառական և կայուն գյուղատնտեսական աճին՝ ներքին և արտահանման շուկաներում մասնավոր հատվածի արտադրողականության և մրցունակության բարձրացման միջոցով: Ծրագիրը հիմնված է ներառական շուկայական համակարգերի զարգացման (IMSD) սկզբունքների վրա, այն է՝  անասնապահության ոլորտում ներգրավված ուղղակի շահառուների կարողությունների զարգացման շնորհիվ իրականացնել ծառայությունների կայուն մոտեցում և համակարգային փոփոխություններ:

Սույն ծրագրի թիրախում են Սյունիքի, Գեղարքունիքի և Շիրակի մարզերի անասնապահությամբ զբաղվող 70 գյուղական բնակավայրերի տնային տնտեսությունները, կաթի և մսի արժեշղթաների դերակատարները և տեղական ինքնակառավարման մարմինները: