HomePageARM, NEWSARM

«Մասնագիտությունների օր» ամենամյա միջոցառում

2021թ. մայիսի 11-ին Գորիսի պետական գյուղատնտեսական քոլեջում տեղի ունեցավ «Մասնագիտությունների օր» ամենամյա միջոցառումը, որը կազմակերպվել էր «ՄԿՈՒ զարգացում Սյունիքի մարզում» ծրագրի շրջանակներում:

Ծրագիրն իրականացվում է «Ռազմավարական զարգացման գործակալություն» հասարակականկազմակերպության կողմից Կիրառական գիտությունների Բեռնի համալսարանի գյուղատնտեսության, անտառային և պարենային գիտությունների դպրոցի (HAFL) հետ համատեղ, HEKS/EPER կազմակերպության աջակցությամբ:

Միջոցառումը նպատակաուղղված էր Գորիս և Սիսիան համայնքների դպրոցների աշակերտներին ներկայացնելու «Անասնաբուժություն» ու «Կաթի և կաթնամթերքի տեխնոլոգիա» մասնագիտությունները, վերջիններիս ուսումնառության համար առկա պայմանները, հետագա հեռանկարներն ու հնարավորությունները:

Միջոցառմանն իրենց մասնակցությունն ունեցան Գորիս և Սիսիան համայնքների դպրոցների գրեթե 120 աշակերտ և ավելի քան տասը ուսուցիչ:

Միջոցառման սկզբում ողջույնի խոսքով հանդես եկան Գորիս համայնքի ղեկավարի տեղակալ` Իրինա Յոլյանը, «Ռազմավարական զարգացման գործակալություն» հասարակական կազմակերպության «ՄԿՈՒ զարգացում Սյունիքի մարզում» ծրագրի ղեկավար` Լիլիթ Հովհաննիսյանը, Գորիսի պետական գյուղատնտեսական քոլեջի տնօրեն` Նունե Ավետիսյանը, ՀԱԱՀ Սիսիանի մասնաճյուղի տնօրեն` Տիգրան Վանդունցը և Զբաղվածության պետական գործակալության Գորիսի տարածքային կենտրոնի տնօրեն` Նաիրա Մկրտչյանը:

Միջոցառման ընթացքում մասնակիցները հնարավորություն ունեցան տարբեր խմբերով ծանոթանալու «Անասնաբուժություն» ու «Կաթի և կաթնամթերքի տեխնոլոգիա» մասնագիտությունների բնույթի, դասավանդման մեթոդների, աշխատաշուկայում առկա և հետագա հնարավորությունների, կրթաթոշակների, կամավորության և վերապատրասման հնարավորությունների հետ՝ ներկայացված քոլեջի դասախոսների, տեղի գործատուների, քոլեջում ուսումնառող և ավարտած ուսանողների, հրավիրված մասնագետների կողմից:

Միջոցառման իրականացման գործնական հատվածում աշակերտները և ուսուցիչները ծանոթացան «Կաթի վերամշակման» լաբորատորիայում առկա տարբեր սարքավորումներին, հրահանգողների ուղղորդմամբ կատարեցին որոշակի փորձեր, ականատես եղան քոլեջի ուսանողների պրակտիկ ուսումնառության գործընթացին: Գորիսի պետական գյուղատնտեսական քոլեջում անցկացվեցուսանողների կողմից պատրաստված պանրի և կաթնամթերքի ցուցահանդես և համտես:

«Անասնաբուժության» լաբորատորիայում աշակերտներին ներկայացվեցին գործնական պարապունքների ընթացքում կիրառվող տարբեր գործիքներ և հնարավորություն ունեցան դիտելու Գորիսի պետական գյուղատնտեսական քոլեջի ուսանողների գործնական ուսուցման գործընթացը լուսաբանող տեսաֆիլմ: Միջոցառման մասնակիցների մի մասը այցելեց Սյունիքի անասնաշուկա, որտեղ նրանց ներկայացվեց գործնական աշխատանքները իրականացնելու պայմաններն ու հնարավորությունները: