NEWSARM

Հայաստանում Շվեյցարիայի առաքելության ղեկավարի տեղակալ Վերներ Թուտի հրաժեշտի ընդունելությունը

2024 թվականի ապրիլի 17-ին Հայաստանում Շվեյցարիայի դեսպանությունը «Ռազմավարական զարգացման գործակալություն» ՀԿ-ի ներկայացուցիչներին հրավիրել էր Հայաստանում Շվեյցարիայի առաքելության ղեկավարի տեղակալ, նաև Հայաստանում Շվեյցարիայի զարգացման համագործակցության համար պատասխանատու` Վերներ Թուտի հրաժեշտի ընդունելությանը։

Միջոցառմանը, որը տեղի ունեցավ Հայկական բարեգործական ընդհանուր միությունում (ՀԲԸՄ), ներկա էին ավելի քան 80 հրավիրյալ՝ մի շարք նախարարություններից և պետական ​​կառույցներից, Հայաստանի խորհրդարանից, ինչպես նաև ներկայացուցիչներ միջազգային կազմակերպություններից և Հայաստանի քաղաքացիական հասարակությունից:

Միջոցառումը մեկնարկեց Հայաստանի Հանրապետությունում Շվեյցարիայի Համադաշնության արտակարգ և լիազոր դեսպան պարոն Լուկաս Ռոզենկրանցի խոսքով, ով ընդգծեց, որ Շվեյցարիայի զարգացման համագործակցության հայաստանյան պորտֆելը 2020 թվականի օգոստոսից հիմնովին փոփոխվեց՝ պայմանավորված Վերներ Թութի պաշտոնավարմամբ։ Պարոն Լուկաս Ռոզենկրանցին հաջորդեց ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը և Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերության (GIZ) հայաստանյան գրասենյակի տնօրեն Մադլեն Ռաուշենբերգերը։

«Ռազմավարական զարգացման գործակալություն» ՀԿ-ի նախագահ Մկրտիչ Այվազյանին, որպես Շվեյցարիայի զարգացման համագործակցության երկարամյա գործընկեր կազմակերպության ղեկավար, պատիվ էր ընձեռնվել՝ հանդես գալ ելույթով:

Իր խոսքում պարոն Այվազյանը շնորհակալություն հայտնեց Շվեյցարիայի զարգացման համագործակցության գործակալությանը՝ երկարաժամկետ համագործակցության համար. «Մենք խորապես գնահատում ենք այն վստահության մակարդակը, որը Շվեյցարիայի զարգացման և համագործակցության գործակալությունը (SDC) ունի մեր հանդեպ՝ ծրագրի իրականացման գործընկեր ընտրելիս: Տարիների ընթացքում մենք աշխատել են ձեռք ձեռքի տված՝ լուծելու Հայաստանի առջև ծառացած մարտահրավերները։ Մեր համատեղ ջանքերը բարելավել են բազմաթիվ մարդկանց կյանքը Հայաստանի ավելի քան 200 համայնքներում»,- ասաց պարոն Այվազյանը:

Մկրտիչ Այվազյանն ամփոփեց իր խոսքը շնորհակալություն հայտնելով պարոն Թութին Հայաստանում ներդրած բոլոր ջանքերի համար և մաղթեց ամենայն բարիք հետագա գործունեության մեջ։