ProjectPortfolioARM

«Հայաստանում գյուղատնտեսության ոլորտում մասնագիտական կրթության և ուսուցման արդիականացում» (ՄԱՎԵՏԱ)

«Հայաստանում գյուղատնտեսության ոլորտում մասնագիտական կրթության և ուսուցման արդիականացում» (ՄԱՎԵՏԱ) ծրագիրը մեկնարկել է 2021 թվականի դեկտեմբերի 3-ին՝ նախապատրաստական փուլով, որը հաջողությամբ ամփոփվել է 2022 թվականի օգոստոսին: Այնուհետև մեկնարկել է իրականացման 1-ին հիմնական փուլը, որը կտևի մինչև 2025 թվականի օգոստոսը: 2-րդ հիմնական փուլը կմեկնարկի 2026 թվականին և կտևի մինչ 2030 թվականը։

«Հայաստանում գյուղատնտեսության ոլորտում մասնագիտական կրթության և ուսուցման արդիականացում» (ՄԱՎԵՏԱ) ծրագիրը նպատակ ունի բարելավել գյուղատնտեսության և հարակից ոլորտների մասնագետների և ուսանողների գիտելիքն ու հմտությունները: Այն նպաստում է Հայաստանի գյուղական վայրերում կայուն, միջավայրի համար բարենպաստ, ներառական աճին, եկամուտների ավելացմանը և (ինքնա)զբաղվածության բարձրացմանը, ինչպես նաև օգնում է վերանայել օրենքները և պետական կարգերը դուալ միջին մասնագիտական կրթության կայուն զարգացման համար:

Տեղում ծրագիրն աշխատում է Գորիսի պետական գյուղատնտեսական քոլեջի, ՀԱԱՀ-ի Սիսիանի մասնաճյուղի (Սյունիք), Ստեփանավանի պետական գյուղատնտեսական քոլեջի (Լոռի), Բերդի բազմագործառութային պետական քոլեջի (Տավուշ), Էջմիածնի արհեստագործական պետական ուսումնարանի (Արմավիր) և ՀԱԱՀ-ի Երևանի մասնաճյուղի հետ։

ՄԱՎԵՏԱ ծրագրի շրջանակում ընտրված մասնագիտությունները ներառում են անասնաբուժությունը, կաթի և կաթնամթերքի տեխնոլոգիան, ֆերմերային գործը, գյուղատնտեսական մեքենաները, կաթնաֆերմայի կառավարումը, պտղատու այգիների այգեգործությունը / ընկույզի և մրգերի մշակումը։

ՄԱՎԵՏԱ ծրագիրը ֆինանսավորվում է միջազգային և տեղական կազմակերպությունների լայն կոալիցիայի կողմից՝ Շվեյցարիայի զարգացման և համագործակցության գործակալության (SDC) գլխավորությամբ, ներառյալ Ավստրիական զարգացման գործակալությունը (ADA), Գերմանիայի տնտեսական համագործակցության և զարգացման նախարարությունը (BMZ), Հայաստանի կառավարությունը, Շվեյցարիայի եկեղեցու օգնություն (HEKS/EPER) ՀԿ-ն, Իզմիրլյան հիմնադրամը, Ռազմավարական զարգացման գործակալություն (ՌԶԳ) ՀԿ-ն և «Վանանդ Ագրո» ՓԲԸ-ն:

Ծրագիրն իրականացնող գործընկերներն են Գերմանական զարգացման գործակալությունը (GIZ) և Շվեյցարիայի եկեղեցու օգնություն (HEKS/EPER) ՀԿ-ն՝ ՌԶԳ-ի և Բեռնի Կիրառական գիտությունների համալսարանի (HAFL) գյուղատնտեսական, անտառային և պարենային գիտությունների դպրոցի ներգրավմամբ: