NEWSARM

«Հայաստանում գյուղատնտեսության ոլորտում մասնագիտական կրթության և ուսուցման արդիականացում» (ՄԱՎԵՏԱ) ծրագրի կառավարման խորհրդի նիստ

Ս․ թ․ փետրվարի 24-ին, տեղի ունեցավ «Հայաստանում գյուղատնտեսության ոլորտում մասնագիտական կրթության և ուսուցման արդիականացում» (ՄԱՎԵՏԱ) ծրագրի կառավարման խորհրդի նիստը, որին ներկա էին ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Արման Խոջոյանը, ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանը, ԿԳՄՍՆ նախնական (արհեստագործական) և միջին մասնագիտական կրթության վարչության պետի պարտականությունները կատարող Արմենուհի Պողոսյանը, ծրագիրը ֆինանսավորող դոնոր կազմակերպությունների և ծրագիրն իրականացնող կառույցների ներկայացուցիչներ։

Հանդիպումը մեկնարկեց Հարավային Կովկասում Շվեյցարական համագործակցության գրասենյակի տարածաշրջանային տնօրենի տեղակալ Վերներ Թութի ողջույնի խոսքով, ով շնորհակալություն հայտնեց ներկաներին մասնակցության համար և նշեց, որ վերջին շրջանում ամեն ինչ արվում է Հայաստանում գյուղատնտեսության ոլորտի մասնագիտական կրթության զարգացման և արդիականացման ուղղությամբ։ «Զարգացնելով դուալ կրթության համակարգը՝ մենք կնպաստենք երկրի տնտեսության աստիճանական զարգացմանը։ Դուալ կրթության ներդրման գործում կարևոր է մասնավորի և ՄԿՈՒ կառույցների միջև սերտ համագործակցությունը»- նշեց նա։

ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանը իր խոսքում նշեց, որ այժմ քննարկման փուլում է գտնվում «ՀՀ կրթության՝ մինչև 2030 թվականի զարգացման պետական ծրագիրը» որում շեշտադրվել են նախնական և միջին մասնագիտական կրթության ոլորտի զարգացմանն ուղղված քայլերը:

Ծրագրի կառավարման խորհրդի նիստի ընթացքում ներկայացվեցին ծրագիրն իրականացնող յուրաքանչյուր կառույցի գործողությունները, քննարկվեց նիստը գումարելու ժամանակացույցը, ծրագրի ընթացքն ու ակնկալվող արդյունքները:

«Հայաստանում գյուղատնտեսության ոլորտում մասնագիտական կրթության և ուսուցման արդիականացում» (ՄԱՎԵՏԱ) ծրագիրը ֆինանսավորվում է միջազգային և տեղական կազմակերպությունների լայն կոալիցիայի կողմից՝ Շվեյցարիայի զարգացման և համագործակցության գործակալության (SDC) գլխավորությամբ, ներառյալ Ավստրիական զարգացման գործակալությունը (ADA), Գերմանիայի տնտեսական համագործակցության և զարգացման նախարարությունը (BMZ), Հայաստանի կառավարությունը, Շվեյցարիայի եկեղեցու օգնություն (HEKS/EPER) ՀԿ-ն, Իզմիրլյան հիմնադրամը, Ռազմավարական զարգացման գործակալություն (ՌԶԳ) ՀԿ-ն և «Վանանդ Ագրո» ՓԲԸ-ն:

Ծրագիրն իրականացնող գործընկերներն են Գերմանական զարգացման գործակալությունը (GIZ) և Շվեյցարիայի եկեղեցու օգնություն (HEKS/EPER) ՀԿ-ն՝ ՌԶԳ-ի և Բեռնի Կիրառական գիտությունների համալսարանի (HAFL) գյուղատնտեսական, անտառային և պարենային գիտությունների դպրոցի ներգրավմամբ: