NEWSARM

«Հայաստանի կենդանի լանդշաֆտները շուկայի զարգացման համար» ծրագրի գործընկերների միջև կապերի հաստատմանն ուղղված միջոցառում

Ս․թ․ մարտի 1-2-ը «Ռազմավարական զարգացման գործակալություն» ՀԿ-ի  կողմից Շվեյցարիայի զարգացման և համագործակցության գործակալության աջակցությամբ, Բնության համաշխարհային հիմնադրամի հայաստանյան մասնաճյուղի հետ համատեղ իրականացվող «Հայաստանի կենդանի լանդշաֆտները շուկայի զարգացման համար» (ԼԻԼԱ) ծրագրի շրջանակներում կազմակերպվեց գործընկերների միջև կապերի հաստատմանն ուղղված միջոցառում։

Միջոցառման ընթացքում ստորագրվեց 20-ից ավել փոխըմբռնման հուշագիր «Ռազմավարական զարգացման գործակալություն» ՀԿ-ի և ԼԻԼԱ ծրագրի շահառուների ու գործընկերների միջև։

Միջոցառումը մեկնարկեց Շվեյցարիայի փոխդեսպան և հավասարապես Հայաստանում Շվեյցարիայի զարգացման համագործակցության համար պատասխանատու` պարոն Վերներ Թութի ողջույնի խոսքով, որ դիմելով հանդիման մասնակիցներին ասաց,-«Այս ծրագիրը նախատեսված է բազմաթիվ մարդկանց և ընկերությունների համար, և Ձեր աշխատանքը փոխում է հայկական զբոսաշրջության դեմքն ու ապագան»։

Միջոցառման ընթացքում ներկայացվեց «Հայաստանի կենդանի լանդշաֆտները շուկայի զարգացման համար» ԼԻԼԱ ծրագրի ընթացքը, ձեռքբերումները և մինչև 2025թվ․ պլանավորված գործողությունները։

Միջոցառման մասնակիցները հնարավորություն ունեցան ծանոթանալ Հայաստանում զբոսաշրջության զարգացման ռազմավարությանը, մարզային բիզնեսներին առնչվող զբոսաշրջության քաղաքականության մասին ՀՀ նոր օրենքին և քննարկել զբոսաշրջության զարգացման հեռանկարները։

Երկօրյա միջոցառման ընթացքում ծրագրի գործընկերներն ու շահառուները ներկայացրեցին ծրագրի աջակցությամբ արդեն իրականացված կամ նախագծված բիզնես գաղափարները։