HomePageARM, NEWSARM

Կայացավ ՄԿՈւ ոլորտում ծրագրեր իրականացնող դոնոր կազմակերպությունների երկխոսության/քննարկումների հարթակի հերթական հանդիպումը

Ս.թ. մարտի 11-12-ը Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ և «Ռազմավարական զարգացման գործակալություն» ՀԿ-ի կողմից  իրականացվող «Համագործակցության խթանում` հանուն ՄԿՈՒ ոլորտում աշխատանքի վրա հիմնված ուսուցման (ԱՀՈՒ) արդյունավետ հնարավորությունների» ծրագրի շրջանակներում կազմակերպվեց երկխոսության/քննարկումների հարթակի հերթական հանդիպումը, որի նպատակն էր քննարկել ՄԿՈՒ ոլորտի առաջնային խնդիրները, ԱՀՈՒ պիլոտի արդյունքները և հնարավորություն ընձեռել ներկաներին՝ գտնելու համագործակցության նոր եզրեր:

Միջոցառման մեկնարկից առաջ ողջույնի խոսքով հանդես եկան ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի (ԿԳՄՍ) նախարարի տեղակալ՝ տկն. Ժաննա Անդրեասյանը, ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի տեղակալ՝ տկն. Վիկտորիա Պողոսյանը, Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության Համագործակցության բաժնի ծրագրի ղեկավար՝ պրն. Դավիթ Ավագյանը և «Ռազմավարական զարգացման գործակալություն» ՀԿ ծրագրի ղեկավար՝ տկն. Լիլիթ Հովհաննիսյանը: Ելույթ ունեցողները կարևորեցին Աշխատանքի վրա հիմնված ուսուցման մոդելի ներդրումը Հայաստանի ՄԿՈՒ ոլորտում, մասնավորապես համավարակի հետ ստեղծված ճգնաժամային իրավիճակի պայմաններում՝ նշելով տվյալ մոդելի իրագործման զարգացման անհրաժեշտությունը հեռանկարային նոր մասնագիտությունների և կրթական մոդուլների մշակման ուղիների համատեքստում:

Հանդիպմանը ներկա էին ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության, ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության, Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության, ՀՀ Աշխատանքի և Սոցիալական հարցերի նախարարության Մասնագիտական կողմնորոշման և կարողությունների զարգացման կենտրոնի, Մասնագիտական կրթության և ուսուցման զարգացման ազգային կենտրոնի, Եվրոպական կրթական հիմնադրամի, Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերության, Զբաղվածության պետական գործակալության, ծրագրի գործընկեր հանդիսացող Գորիսի և Ստեփանավանի պետական գյուղատնտեսական քոլեջների և գործատուների, ինչպես նաև մի շարք այլ քոլեջների և շահագրգիռ կազմակերպությունների ներկայացուցիչներ:

Երկօրյա միջոցառման ընթացքում մասնակիցների միջև ակտիվ քննարկումներ տեղի ունեցան ԱՀՈՒ կրթական մոդելի ներդրման հետ կապված առկա խոչընդոտների, դրանց շտկման և արդյունավետության բարձրացման մեխանիզմների վերաբերյալ: