NEWSARM

Ժամանակակից տեխնիկայի պաշտոնական հանձնում Զբաղվածության ապահովման և աշխատանքային ներուժի զարգացման վարչությունում

Reconomy-ի «Հմտությունների և գիտելիքի զարգացում» պիլոտային ծրագրի շրջանակներում «Ռազմավարական զարգացման գործակալություն» (ՌԶԳ) ՀԿ-ն 2021 թվականից համագործակցում է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության Միասնական սոցիալական ծառայության (ՄՍԾ) հետ: Համագործակցության շրջանակներում իրականացվել են մի շարք գործողություններ և միջոցառումներ` բարելավելու ՄՍԾ Զբաղվածության ապահովման և աշխատանքային ներուժի զարգացման վարչության և տարածքային կենտրոնների համապատասխան մասնագետների կարողություններն ու հմտությունները, ինչպես նաև կենտրոնի շահառուների` գործազուրկ կանանց ու երիտասարդների և գործատուների կապերի ամրապնդման ուղղությամբ:

Հաշվի առնելով տեխնոլոգիական փոփոխությունները և  նորարարական մոտեցումները, ՌԶԳ ՀԿ-ն պիլոտային ծրագրի շրջանակներում ՄՍԾ-ին տրամադրեց 15 համակարգիչներ, տեսախցիկ և այլ պարագաներ, որոնք կնպաստեն վերը նշված վարչության կողմից տրամադրվող ծառայությունների ընդլայնմանն ու որակի բարելավմանը:

Ժամանակակից տեխնիկայի պաշտոնական հանձնումը տեղի ունեցավ Զբաղվածության ապահովման և աշխատանքային ներուժի զարգացման վարչությունում, որտեղ և ՌԶԳ ծրագրի ղեկավար տկն. Լիլիթ Հովհաննիսյանն ու ՄՍԾ գլխավոր քարտուղարի տեղակալ պրն. Աշոտ Արշակյանը ստորագրեցին պայմանագրերը: Միջոցառմանը ներկա էին նաև ՄՍԾ պետի տեղակալ տկն. Թամարա Թորոսյանը և վարչության այլ աշխատակիցներ:

Reconomy-ի տարածաշրջանային ներառական և կանաչ տնտեսական զարգացման ծրագիրն իրականացվում է HELVETAS Swiss Intercooperation-ի կողմից՝ համագործակցելով ՌԶԳ ՀԿ-ի և Արևելյան գործընկերության և Արևմտյան Բալկանների երկրներում գործող այլ կազմակերպությունների հետ: