NEWSARM

«Գործողության ու պրակտիկայի վրա հիմնված դասավանդում և ուսուցում» թեմայով աշխատաժողով

«Հայաստանում գյուղատնտեսության ոլորտում մասնագիտական կրթության և ուսուցման արդիականացում» (ՄԱՎԵՏԱ) ծրագրի շրջանակներում ս․թ․ օգոստոսի 21-ից 24-ը «Ռազմավարական զարգացման գործակալություն» ՀԿ-ի կողմից կազմակերպվեց «Գործողության ու պրակտիկայի վրա հիմնված դասավանդում և ուսուցում» թեմայով աշխատաժողով:

Աշխատաժողովին մասնակցեցին Հայաստանի ազգային ագրարային համալսարանի (ՀԱԱՀ) Ա․ Քոչինյանի անվան գյուղատնտեսական քոլեջի և Էջմիածնի պետական արհեստագործական ուսումնարանի դասավանդողները։

Աշխատաժողովն անցկացրեց ծրագրի գործընկեր, շվեյցարացի կրթության փորձագետ՝ Ռոբերտ Լեհմանը։

Աշխատաժողովի ընթացքում մասնակիցներին ներկայացվեց Շվեյցարիայում կիրառվող ԴՈՒԱԼ ուսուցման ձևն ու իրականացման մեթոդները, այդ ուսուցման ձևի ներդրման հետ կապված մարտահրավերներն ու դրանց հաղթահարման ուղիները:

Աշխատաժողովի ընթացքում քննարկվեց ուսանողակենտրոն ուսուցման մեթոդաբանությունը, որից հետո դասավանդողները խմբային աշխատանքի միջոցով հնարավորություն ունեցան ներկայացնել գործնականում այդ ուսուցման ձևի կիրառումը։

ՄԱՎԵՏԱ ծրագիրը ֆինանսավորվում է միջազգային և տեղական կազմակերպությունների լայն կոալիցիայի կողմից՝ Շվեյցարիայի զարգացման և համագործակցության գործակալության (SDC) գլխավորությամբ, ներառյալ Ավստրիական զարգացման գործակալությունը (ADA), Գերմանիայի տնտեսական համագործակցության և զարգացման նախարարությունը (BMZ), Հայաստանի կառավարությունը, Շվեյցարիայի եկեղեցու օգնություն (HEKS/EPER) ՀԿ-ն, Իզմիրլյան հիմնադրամը, «Ռազմավարական զարգացման գործակալություն» (ՌԶԳ) ՀԿ-ն և «Վանանդ Ագրո» ՓԲԸ-ն:

Ծրագիրն իրականացնող գործընկերներն են Գերմանական զարգացման գործակալությունը (GIZ) և Շվեյցարիայի եկեղեցու օգնություն (HEKS/EPER) ՀԿ-ն՝ ՌԶԳ-ի և Բեռնի Կիրառական գիտությունների համալսարանի (HAFL) գյուղատնտեսական, անտառային և պարենային գիտությունների դպրոցի ներգրավմամբ: