HomePageARM, NEWSARM

«Գործնական աշխատանքի վրա հիմնված դասավանդում» թեմայով քառօրյա դասընթաց

2021 թ. հունիս 29-ից հուլիս 2-ը «Մասնագիտական կրթության և ուսուցման (ՄԿՈՒ) զարգացում Սյունիքի մարզում» ծրագրի շրջանակներում տեղի ունեցավ «Գործնական աշխատանքի վրա հիմնված դասավանդում» թեմայով քառօրյա դասընթացը:

Նշված ծրագիրն իրականացնում է «Ռազմավարական զարգացման գործակալություն» հասարակական կազմակերպությունը (ՌԶԳ ՀԿ)` Կիրառական գիտությունների Բեռնի համալսարանի գյուղատնտեսության, անտառային և պարենային գիտությունների դպրոց (HAFL)-ի հետ համատեղ, HEKS/EPER կազմակերպության աջակցությամբ:

Դասընթացին իրենց մասնակցությունն ունեցան Գորիսի պրոֆեսոր Խ. Երիցյանի անվան գյուղատնտեսական քոլեջի և Հայաստանի ազգային ագրարային համալսարանի Սիսիանի մասնաճյուղի 12 դասախոսներ:

Դասընթացի հիմնական նպատակն էր մասնակիցներին ծանոթացնել դասավանդման նոր մեթոդների և մոտեցումների հետ, որոնք դասախոսները կօգտագործեն առաջիկա կիսամյակի ընթացքում:

Դասընթացի ընթացքում մասնակիցներին ներկայացվեց ծրագրի վրա հիմնված ուսուցման մեթոդը՝ խնդրի վրա հիմնված ուսուցման մեթոդի հետ համեմատական վերլուծությամբ, ուսանողների ինքնուսուցման կարողությունները զարգացնող գործիքները՝ անդրադառնալով ինչպես ամբողջովին ազատ, առանց վերահսկողության, այնպես էլ ուղղորդված ինքնուսուցմանը և օնլայն ու խառը ուսուցման մոտեցումները: Դասընթացի վերջին օրը դասախոսներին հնարավորություն ընձեռնվեց միմյանց հետ կիսվել ուսուցման իրենց փորձով, դասավանդման տարիների ընթացքում ձեռք բերված հաջողություններով և բացթողումներով: Դասընթացն անցկացվել է ինտերակտիվ կերպով՝ ընթացիկ խմբային առաջադրանքների, քննարկումների և հարց ու պատասխանների զուգորդմամբ:

Դասընթացի ավարտին մասնակիցներին շնորհվեց մասնակցության հավաստագիր: