HomePageARM, NEWSARM

Աջակցություն է տրամադրվել «Գյուղատնտեսական կենդանիների պատվաստում» ծրագրին

«Գյուղատնտեսական կենդանիների պատվաստում» ծրագրի (2021թ-ի մայիս-օգոստոս) շրջանակներում ՀՀ տարածքում անասնաբուժական հակահամաճարակային միջոցառումների պատշաճ իրականացումն ապահովելու և բնակչության իրազեկվածության բարձրացման նպատակով «Ռազմավարական զարգացման գործակալություն» հասարակական կազմակերպությունը տեխնիկական աջակցություն է տրամադրել էկոնոմիկայի նախարարության «Գյուղատնտեսական ծառայությունների կենտրոն» ՊՈԱԿ-ին։ Աջակցությունը տրամադրվել է Շվեյցարիայի զարգացման և համագործակցության գործակալության կողմից ֆինանսավորվող «Անասնապահության զարգացում Հայաստանի հարավում» ծրագրի շրջանակներում։

Համագործակցության շրջանում պատրաստվել և տպագրվել են պաստառներ, ձեռք են բերվել հակահամաճարակային միջոցառումների իրականացման համար անհրաժեշտ նյութեր։

Գյուղկենդանիների ինֆեկցիոն հիվանդությունների կանխարգելման մասին տեղեկատվություն տարածելու նպատակով մշակված տեղեկատվական պաստառներն  անասնապահների շրջանում իրազեկվածության բարձրացման նպատակով փակցվել են ՀՀ մարզերում՝  համայնքապետարաններում, գյուղական բնակավայրերում: Պաստառներում «Գյուղատնտեսական ծառայությունների կենտրոն» ՊՈԱԿ-ն անասնապահներին, համայնքի ղեկավարներին հորդորում է բարձր պատասխանատվությամբ մոտենալ գյուղատնտեսական կենդանիների պատվաստումներին:

Անասնաբուժական հակահամաճարակային միջոցառումների իրականացումը նախատեսված ժամանակահատվածում դյուրին և անվտանգ իրականացնելու համար էլ «Գյուղատնտեսական ծառայությունների կենտրոն» ՊՈԱԿ-ին   տրամադրվել են եռոտանիներ, տուբերկուլինի ներարկիչներ և անհատական պաշտպանիչ պարագաներ՝  ձեռնոցներ:

Օժանդակության նպատակն է՝ աջակցել «Գյուղատնտեսական ծառայությունների կենտրոն» ՊՈԱԿ-ին Հայաստանի Հանրապետության տարածքում պետական պատվերի ծրագրի շրջանակներում իրականացվող հակահամաճարակային միջոցառումների, կենդանիների, մարդու և կենդանիների համար ընդհանուր վարակիչ հիվանդությունների նկատմամբ կանխարգելիչ և ախտորոշիչ միջոցառումների անխափան և անվտանգ իրականացմանը հետևյալ ուղղություններով.

  • Անասնապահ տնտեսությունների շրջանում հակահամաճարակային միջոցառումների անհրաժեշտության, դրանց պատշաճ և ժամանակին անցկացնելու կարևորության վերաբերյալ իրազեկման մակարդակի բարձրացում:
  • Անասնաբույժներին համապատասխան անհրաժեշտ պարագաներով զինում՝ հակահամաճարակային միջոցառումներն ամբողջությամբ և անվտանգ կատարելու նպատակով: