HomePageARM, NEWSARM

Կազմակերպվեցին բաց դասեր «Կաթի և կաթնամթերքի տեխնոլոգիա» ու «Անասնաբուժություն» մասնագիտություն դասավանդողների համար

2020թ. սեպտեմբերի 25-ին «Մասնագիտական կրթության և ուսուցման (ՄԿՈՒ) զարգացում Սյունիքի մարզում» ծրագրի շրջանակներում Հայաստանի ազգային ագրարային համալսարանում կազմակերպվել են բաց դասեր Գորիսի պրոֆեսոր Խ. Երիցյանի անվան պետական գյուղատնտեսական քոլեջում և Հայաստանի ազգային ագրարային համալսարանի Սիսիանի մասնաճյուղում «Կաթի և կաթնամթերքի տեխնոլոգիա» ու «Անասնաբուժություն» մասնագիտությամբ դասավանդող 8 դասախոսի համար:

Ծրագիրն իրականացվում է «Ռազմավարական զարգացման գործակալություն» (ՌԶԳ) ՀԿ-ի կողմից՝ Կիրառական գիտությունների Բեռնի համալսարանի գյուղատնտեսության, անտառային և պարենային գիտությունների դպրոց (HAFL)-ի հետ համատեղ, HEKS/EPER կազմակերպության աջակցությամբ:

Միջոցառումը միտված էր խթանելու վերոնշյալ մասնագիտություններում դասավանդող դասախոսների միջև փորձի փոխանակմանը, դասավանդման նոր մեթոդների ուսումնասիրմանը, դասավանդման գործընթացի նորացման հեռանկարների և հնարավորությունների վերաբերյալ քննարկմանը և լավագույն փորձի ձեռքբերմանը:

Դասալսումների ընթացքում դասախոսները հնարավորություն են ունեցել ծանոթանալու երկու մասնագիտություններում անցկացվող տեսական և գործնական դասընթացների կազմակերպման մեթոդներին, այցելել են համալսարանին կից կլինիկա և լաբորատորիա՝ տեղում մասնակցություն ունենալով ընթացիկ դասապրոցեսներին: Դասալսումների ավարտին մասնակիցները փոխանակվել են դասավանդման նյութերով, անհրաժեշտ գրականությամբ, ինչին հաջորդել են հարցերը, գործընթացի վերաբերյալ քննարկումներն ու դասապրոցեսն ավելի արդյունավետ դարձնելու վերաբերյալ առաջարկությունները:

Դասալսումների և հաջորդող քննարկումների ընթացքում պահպանվել են Covid-19 համավարակով պայմանավորված հակահամաճարակային անվտանգության բոլոր կանոնները: