SuccessStoriesARM

ԵՄ աջակցության շնորհիվ Լիանա Գրիգորյան ԱՁ-ն ընդլայնել է իր արտադրությունը

Լիանա Գրիգորյանը ԵՄ կողմից ֆինանսավորվող «Տարածաշրջանային ՓՄՁ-ների մրցունակության զարգացման ծրագրի»  տասնյակ շահառուներից մեկն է: Լիանան ապրում է Սյունիքի Վաղատուր գյուղում ամուսնու, ով պանրի փորձառու տեխնոլոգ է, և երեխաների հետ: Ընտանիքի աջակցությամբ 2015թ.-ին ստեղծվեց Լիանա Գրիգորյան ԱՁ` պանրի արտադրությամբ զբաղվող ընտանեկան բիզնեսը: Ի սկզբանե դա փոքրիկ արտադրամաս էր, որի իրացման միակ շուկան Գորիս քաղաքն էր: Այսօր արդեն ձեռնարկությունն ընդլայնել է իր շուկան Սյունիքի տարածքում, ինչպես նաև ընդգրկել երկու խանութ և մեկ սրճարան Երևանում:

Զարգացման ճանապարհը, սակայն, հարթ ու դյուրին չի եղել: Գործարար ընտանիքը բազմաթիվ խոչընդոտների հետ մեկտեղ կարողացավ հաղթահարել նաև 2017թ. վերջի և 2018թ. սկզբի կաթի շուկայի լճացումն ու դառնալ դինամիկ զարգացող ձեռնարկություն, որն աշխատում է ժամանակակից տեխնոլոգիաներով՝ պահպանելով սննդամթերքի անվտանգության բոլոր չափանիշները:

Ռազմավարական զարգացման գործակալություն ՀԿ-ն ակտիվորեն ներգրավված է եղել Լիանա Գրիգորյան ԱՁ-ի զարգացմանը՝ տրամադրելով բիզնես խորհրդատվություն, սովորեցնելով ղեկավարման հմտություններ, զբաղվելով արտադրանքի մարքեթինգային առաջխաղացմամբ և վաճառքի ծավալների մեծացմամբ:  Շարունակական խորհրդատվությունն ու համատեղ ջանքերը ի վերջո դարձան նոր՝ «Մառանա» ապրանքանիշի ստեղծման հիմքը: Բրենդինգն ու նոր ձևավորումը, ինչպես նաև առաջարկվող ապրանքատեսականու ընդլայնումը (հինգ նոր ապրանքատեսակ) օգնեցին դարձնել արտանդրանքն ավելի ներկայացուցչական ու մրցակցային: 2018թ.-ի հուլիսին Լիանա Գրիգորյան ԱՁ-ն ավելացրել էր աշխատակիցների քանակը մեկով և գրանցել 40% վաճառքի աճ ի համեմատ 2017թ.-ի նույն ժամանակահատվածի: Այսօր ձեռնարկությունը հանդիսանում է շուկայի կարևոր և ազդեցիկ մասնակից, որը կանոնավոր կերպով կաթ է մթերում Սյունիքի ավելի քան հարյուր ֆերմերներից:

Ծրագի շրջանակներում կազմվել է նաև գրանտային ծրագիր, որը հավանության է արժանացել ՀՀ գյուղատնտեսության նախարարության “Գյուղատնտեսական ծրագրերի իրականացման գրասենյակ” պետական հիմնարկության կողմից: Այն նախատեսված է արտադրամասի վերանորոգման և նոր սարքավորումների ձեռքբերման համար: Մինչև տարվա ավարտը ձեռնարկությունը պլանավորում է հիմնել երկրորդ արտադրամասը Գորիսում և աշխատանքի ընդունել ևս երկու աշխատակից:

«Տարածաշրջանային ՓՄՁ-ների մրցունակության խթանում» ծրագիրը ֆինանսավորվում է Եվրոպական Միության Պատվիրակության և ՀՀ Տարածքային Կառավարման և Զարգացման Նախարարության կողմից: Ծրագրի հիմնական նպատակն է խթանել տարածաշրջանային ՓՄՁ-ների մրցունակությունը և ստեղծել աշխատատեղերի կայուն հնարավորություններ Հայաստանի Լոռվա, Սյունիքի և Արմավիրի մարզերում: Ծրագիրն իրականացվում է Հայաստանի Փոքր և Միջին Ձեռնարկությունների Զարգացման Ազգային Կենտրոնի (ՀՀ ՓՄՁ ԶԱԿ) կողմից`«Ռազմավարական զարգացման գործակալություն» (ՌԶԳ) ՀԿ, «Արմավիր Զարգացման Կենտրոն» (ԱԶԿ) ՀԿ, «Սպիտակ-Ֆերմեր» (ՍՖ) ՀԿ, և «ՍՅՈՒՆ Խորհրդատվական-կրթական» (Սյուն) ՀԿ հետ համատեղ:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *