NEWSARM

ՌԶԳ ներկայացուցիչը մասնակցել է Դուբլինում կայացած հմտությունների շարժունակությանը նվիրված միջազգային համաժողովին

Ռազմավարական զարգացման գործակալության (ՌԶԳ) ՀԿ-ի միջին մասնագիտական կրթության և ուսուցման (ՄԿՈՒ) խորհրդատու Լիլիթ Բեգլարյանը մասնակցել է «Հմտությունների շարժունակության խթանում․ եվրոպական թափանցիկության գործիքների դերը հմտությունների տեղափոխելիության նախաձեռնության և տաղանդների շարժունակության խթանման գործում» խորագրով միջազգային համաժողովին, որն անցկացվել է Իռլանդիայի Դուբլին քաղաքում՝ Եվրոպական միության խորհրդի 2026 թվականի Իռլանդիայի նախագահության շրջանակում։
Համաժողովին մասնակցելու հրավերը Լիլիթը ստացել էր Եվրոպական կրթական հիմնադրամից (ETF)։ Երեք օր շարունակ նա ավելի քան 40 երկրի փորձագետների և ներկայացուցիչների հետ մասնակցել է որակավորումների ճանաչման, հմտությունների տեղափոխելիության, աշխատուժի շարժունակության և միկրոորակավորումների վերաբերյալ քննարկումների ու փորձի փոխանակման։
Միջոցառումը կարևոր հնարավորություն էր ծանոթանալու եվրոպական այն մոտեցումներին, որոնք նպաստում են տարբեր երկրներում որակավորումների թափանցիկության և ճանաչելիության բարձրացմանը, հմտությունների զարգացմանը և աշխատաշուկայի փոփոխվող պահանջներին արձագանքելուն։
ՌԶԳ-ն կարևորում է միջազգային համագործակցության և մասնագիտական փորձի փոխանակման հնարավորությունները, որոնք նպաստում են մասնագիտական կրթության և ուսուցման զարգացմանը և Հայաստանի հմտությունների զարգացման էկոհամակարգի ամրապնդմանը։