Այսօր ԵՄ տաղավարում «Ոռոգվող գյուղատնտեսության զարգացումը Արարատի և Արմավիրի մարզերում» (IADAAM) ծրագրի թիմը կայուն գյուղատնտեսության շուրջ քննարկումները տեղափոխեց գործնական դաշտ՝ ներկայացնելով, թե ինչպես կարող են ջրի կառավարումը, հողօգտագործումը, գյուղատնտեսական գործելակերպերն ու գիտելիքի փոխանակումը համատեղ նպաստել գյուղատնտեսության դիմակայունության ամրապնդմանը։
Օրվա ընթացքում այցելուները հնարավորություն ունեցան ավելի մանրամասն ծանոթանալու Արարատի և Արմավիրի մարզերում IADAAM ծրագրի աշխատանքներին, այդ թվում՝ ոռոգման ժամանակակից լուծումներին, հողի կայուն կառավարմանը, ցուցադրական ֆերմաներին և ֆերմերներին ուղղված խորհրդատվական ծառայություններին։
Ծրագրի շրջանակում ներկայացվեց նաև Վեդիի լանդշաֆտի փորձը, որտեղ ջրային ենթակառուցվածքները, գյուղատնտեսական հողերն ու շրջակա էկոհամակարգերը փոխկապակցված են։
Քննարկումները ցույց տվեցին, թե ինչու են ջրի և հողի ավելի արդյունավետ օգտագործումը կարևոր ոչ միայն գյուղատնտեսական արտադրողականության բարձրացման, այլև բնական ռեսուրսների վրա ճնշումը նվազեցնելու և գյուղական համայնքների կենսապահովման կայունությունն ամրապնդելու համար։
Շնորհակալություն բոլորին ԵՄ տաղավար այցելելու, քննարկումներին մասնակցելու և իրենց տեսակետներով կիսվելու համար։
«Հայաստան – Ոռոգվող գյուղատնտեսության զարգացումը Արարատի և Արմավիրի մարզերում» (IADAAM) ծրագիրը, որը ֆինանսավորվում է Եվրոպական միության կողմից (ԵՄ) և իրականացվում Զարգացման ֆրանսիական գործակալության (ԶՖԳ) աջակցությամբ, նպատակ ունի վերափոխել ոռոգվող գյուղատնտեսությունը Հայաստանում։
ՀՀ էկոնոմիկայի նախարարության կողմից իրականացվող ծրագրի տեխնիկական աջակցության բաղադրիչն իրականացվում է «Ագրո քընսալթինգ Եվրոփ»-ի, «Ավենյու քընսալթինգ գրուպ»-ի, «Ռազմավարական զարգացման գործակալություն» ՀԿ-ի և «3 ԱՐ Ստրատեգիա» ՍՊԸ մասնակցությամբ կոնսորցիումի կողմից՝ գյուղատնտեսական քաղաքականության ամրապնդման և ոլորտային բարեփոխումների առաջխաղացման նպատակով:

