NEWSARM

ՄԱՎԵՏԱ Ինչպե՞ս են աշկերտները տեսնում իրենց մասնագիտությունը

Ի՞նչ կարող է պատմել մեկ կաթիլը մասնագիտության մասին։
Իսկ ի՞նչ գիտելիքներ ու տեխնոլոգիաներ են անհրաժեշտ՝ բերքը թարմ և որակյալ պահպանելու համար։
Այս հարցերի պատասխանները ՄԱՎԵՏԱ ծրագրի շրջանակում փնտրեցին «Կաթիլային ոռոգման համակարգերի մոնտաժում և շահագործում» և «Սառնարանային տնտեսություն» մասնագիտություններով սովորող աշկերտները՝ մասնակցելով ստեղծագործական խաղերի, մասնագիտական իրավիճակների քննարկման և Mood Board-երի գաղափարների մշակման աշխատանքներին։
«Մեկ կաթիլի որոշումը»
Ինչպե՞ս օգտագործել սահմանափակ ջրային ռեսուրսները հնարավորինս արդյունավետ։ Ինչպե՞ս տեխնոլոգիաների և տվյալների օգնությամբ հասկանալ բույսերի կարիքներն ու ճիշտ որոշումներ կայացնել։ Աշկերտներն ուսումնասիրեցին, թե ինչպես է կաթիլային ոռոգման մասնագետի աշխատանքն օգնում խնայել ջուրը, բարձրացնել արդյունավետությունը և նպաստել գյուղատնտեսության կայուն զարգացմանը։
«Պահպանի՛ր արտադրանքը»
Ի՞նչ է կորցնում ֆերմերը, երբ արտադրանքը չի պահպանվում պատշաճ պայմաններում։ Եվ ինչպե՞ս կարող է մասնագետը կանխել այդ կորուստները։ Քննարկումների ընթացքում աշկերտները բացահայտեցին սառնարանային տնտեսության դերը արտադրանքի որակի պահպանման, սննդի կորուստների նվազեցման և գյուղատնտեսական արտադրանքի արժեքի պահպանման գործում։
Երկու հանդիպումների ընթացքում երիտասարդներն ընտրեցին նաև գույներ, պատկերներ, խորհրդանիշներ և գաղափարներ, որոնք իրենց կարծիքով լավագույնս են արտահայտում այս մասնագիտությունների էությունն ու ապագան։
Իսկ ամենակարևորը՝ աշկերտների գաղափարները, մասնագիտական ընկալումներն ու ապագայի պատկերացումները հիմք կդառնան երկու անիմացիոն ֆիլմերի ստեղծման համար։ Ֆիլմերը կներկայացնեն, թե ինչու են այս մասնագիտությունները կարևոր ժամանակակից գյուղատնտեսության համար, ինչ դեր ունեն տեխնոլոգիաներն ու մասնագետի գիտելիքները և ինչ հնարավորություններ են բացում երիտասարդների առջև։
Որովհետև գյուղատնտեսության ապագան ձևավորում են ոչ միայն նոր տեխնոլոգիաները, այլև դրանք կիրառող գիտելիքահեն մասնագետները։
ՄԱՎԵՏԱ ծրագիրը ֆինանսավորվում է Գերմանիայի տնտեսական համագործակցության և զարգացման նախարարության (BMZ), Շվեյցարիայի զարգացման և համագործակցության գործակալության (SDC), Ավստրիական զարգացման գործակալության (ADA) և Հայաստանի կառավարության կողմից։
Ծրագիրն իրականացնող գործընկերներն են Գերմանական միջազգային համագործակցության ընկերությունը (GIZ), Ռազմավարական զարգացման գործակալությունը և Բեռնի կիրառական գիտությունների համալսարանի (HAFL) գյուղատնտեսական, անտառային և պարենային գիտությունների դպրոցը: