Ոռոգվող գյուղատնտեսության արդիականացումը պահանջում է ոչ միայն ենթակառուցվածքների զարգացում, այլև հողային ռեսուրսների կառավարման նոր մոտեցումներ:
Գյուղատնտեսական նշանակության հողերի մասնատվածությունը շարունակում է մնալ Հայաստանի գյուղատնտեսության զարգացման առանցքային մարտահրավերներից մեկը՝ սահմանափակելով արտադրողականության աճը, ժամանակակից տեխնոլոգիաների կիրառումը, ոռոգման համակարգերի արդյունավետ կառավարումը և ոլորտի մրցունակության բարձրացումը։
Այս համատեքստում ՀՀ էկոնոմիկայի նախարարությունում կայացավ «Հողերի միավորման գործընթացի ներկայացում» խորագրով հանդիպում-քննարկումը, որի ընթացքում նախարարության մասնագետներին ներկայացվեցին հողերի միավորման (կոնսոլիդացիայի) գործընթացի ռազմավարական նշանակությունը, միջազգային և եվրոպական փորձը, ինչպես նաև դրա կիրառելիության հնարավորությունները Հայաստանի պայմաններում։
Քննարկման շրջանակում անդրադարձ կատարվեց գյուղատնտեսական նշանակության հողերի մասնատվածության հետևանքով առաջացող մարտահրավերներին, հողերի միավորման տարբեր մոդելներին, Արարատի և Արմավիրի մարզերում նախատեսվող պիլոտային մոտեցումներին, ինչպես նաև գործընթացի ինստիտուցիոնալ, իրավական և կազմակերպական հիմքերի զարգացմանը։
Հողերի միավորումը ժամանակակից հողային քաղաքականության կարևոր գործիք է, որն ուղղված է հողային ռեսուրսների առավել արդյունավետ կառավարմանը, գյուղատնտեսական արտադրության արտադրողականության բարձրացմանը, արտադրական ծախսերի կրճատմանը, ոռոգման համակարգերի արդյունավետ օգտագործմանը և գյուղատնտեսության մրցունակության ամրապնդմանը։
Հենց այս համատեքստում հանդիպումը կարևոր հնարավորություն էր միջազգային փորձի ներկայացման, մասնագիտական երկխոսության և Հայաստանի պայմաններում հողերի միավորման գործընթացի ներդրման ու առաջխաղացման հնարավորությունների քննարկման համար։
«Հայաստան – Ոռոգվող գյուղատնտեսության զարգացումը Արարատի և Արմավիրի մարզերում» (IADAAM) ծրագիրը, որը ֆինանսավորվում է Եվրոպական միության կողմից (ԵՄ) և իրականացվում Զարգացման ֆրանսիական գործակալության (ԶՖԳ) աջակցությամբ, նպատակ ունի վերափոխել ոռոգվող գյուղատնտեսությունը Հայաստանում։
ՀՀ էկոնոմիկայի նախարարության կողմից իրականացվող ծրագրի տեխնիկական աջակցության բաղադրիչն իրականացվում է «Ագրո քընսալթինգ Եվրոփ»-ի, «Ավենյու քընսալթինգ գրուպ»-ի, «Ռազմավարական զարգացման գործակալություն» ՀԿ-ի և «3 ԱՐ Ստրատեգիա» ՍՊԸ մասնակցությամբ կոնսորցիումի կողմից՝ գյուղատնտեսական քաղաքականության ամրապնդման և ոլորտային բարեփոխումների առաջխաղացման նպատակով:

