Մարտի 10-ին ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Արման Խոջոյանը այցելել է Արարատի մարզ՝ ծանոթանալու «Ոռոգվող գյուղատնտեսության զարգացումը Արարատի և Արմավիրի մարզերում» (IADAAM) ծրագրի իրականացման ընթացքին և ձեռք բերված արդյունքներին։
Այցի շրջանակում ծրագրի թիմի մասնակցությամբ կազմակերպվել է աշխատանքային հանդիպում Ավշար բնակավայրում՝ ցուցադրական տնտեսությունների ստեղծման հայտ ներկայացրած ֆերմերների հետ։ Հանդիպման ընթացքում քննարկվել են ծրագրի կողմից առաջարկվող աջակցության փաթեթները, համագործակցության հնարավորությունները, ինչպես նաև ցուցադրական տնտեսությունների ընտրության և հետագա զարգացման գործընթացները։
IADAAM ծրագրի շրջանակում ստեղծվող ցուցադրական տնտեսությունները նախատեսվում են որպես ժամանակակից գյուղատնտեսական գիտելիքի և նորարարության տարածման կարևոր հարթակներ։ Դրանք կծառայեն ոչ միայն որպես արդյունավետ արտադրության օրինակներ, այլ նաև որպես ուսուցման և փորձի փոխանակման վայրեր՝ նախատեսված ֆերմերների, գյուղատնտեսական մասնագետների և ոլորտով հետաքրքրված այլ շահագրգիռ կողմերի համար։
Այս տնտեսություններում կներդրվեն և կցուցադրվեն ժամանակակից ոռոգման համակարգեր, ինտենսիվ այգեգործական տեխնոլոգիաներ և արդյունավետ գյուղատնտեսական կառավարման մոտեցումներ։ Ցուցադրական ֆերմաները հնարավորություն կտան ֆերմերներին տեղում ծանոթանալ նոր տեխնոլոգիաների կիրառմանը, գնահատել դրանց արդյունավետությունը և ստանալ գործնական գիտելիք՝ սեփական տնտեսություններում կիրառելու համար։
«Հայաստան – Ոռոգվող գյուղատնտեսության զարգացումը Արարատի և Արմավիրի մարզերում» (IADAAM) ծրագիրը, որը ֆինանսավորվում է Եվրոպական միության կողմից (ԵՄ) և իրականացվում Զարգացման ֆրանսիական գործակալության (ԶՖԳ) աջակցությամբ, նպատակ ունի վերափոխել ոռոգվող գյուղատնտեսությունը Հայաստանում։
ՀՀ էկոնոմիկայի նախարարության կողմից իրականացվող ծրագրի տեխնիկական աջակցության բաղադրիչն իրականացվում է «Ագրո քընսալթինգ Եվրոփ»-ի, «Ավենյու քընսալթինգ գրուպ»-ի, «Ռազմավարական զարգացման գործակալություն» ՀԿ-ի և «3 ԱՐ Ստրատեգիա» ՍՊԸ մասնակցությամբ կոնսորցիումի կողմից՝ գյուղատնտեսական քաղաքականության ամրապնդման և ոլորտային բարեփոխումների առաջխաղացման նպատակով:

