Մադրիդում ամենամյա անցկացվող FITUR-ին՝ աշխարհի առաջատար զբոսաշրջային ցուցահանդեսներից մեկին, RECONOMY-ի Տարածաշրջանային զբոսաշրջության զարգացման նախաձեռնության շրջանակում մշակված տուրփաթեթներն ու նորարարական առաջարկները թույլ տվեցին Արևելյան գործընկերության տարածաշրջանը դիրքավորել որպես միջազգային շուկայի մրցունակ ուղղություն։
RECONOMY-ի «Ոլորտների թվայնացում հանուն մրցունակության» ծրագրի աջակցությամբ ծրագրի գործընկեր տուրօպերատորներ Nueva Vista, Phoenix Tour Armenia և Armenia Holidays-ը մասնակցեցին ցուցահանդեսին՝ անմիջական շփում ունենալով միջազգային զբոսաշրջային մասնագետների և գլոբալ շուկայի առանցքային դերակատարների հետ։
B2B հանդիպումների և ակտիվ մասնագիտական շփումների ընթացքում ծրագրի գործընկեր տուրօպերատորները ներկայացրին տարածաշրջանը բացահայտելու նոր մոտեցումներ՝ միջսահմանային երթուղիներ, փոխկապակցված պատմություններ և զբոսաշրջային փաթեթներ, որոնք դուրս են գալիս մեկ երկրի սահմաններից։ FITUR-ը ծառայեց որպես փորձարկման, գործընկերային կապերի ձևավորման և տարածաշրջանը որպես փոխկապակցված, բազմազան և շուկայի համար պատրաստ զբոսաշրջային ուղղություն դիրքավորելու ևս մեկ արդյունավետ հարթակ։
Այս մասնակցությունը ապահովեց ոչ միայն տեսանելիություն, այլև իրական առաջընթաց։ Միջազգային գնորդների հետ ուղիղ շփումը, նոր զբոսաշրջային միտումների բացահայտումը և ոլորտի համաշխարհային առաջատարների հետ փորձի փոխանակումը նպաստեցին գործընկերների վստահության բարձրացմանն ու շուկայական մոտեցումների հստակեցմանը։ Ամենակարևորը՝ ևս մեկ անգամ հաստատվեց RECONOMY-ի առանցքային ուղերձը․ տարածաշրջանային համագործակցությունը ստեղծում է ավելի մրցունակ զբոսաշրջային արդյունքներ և բացում է ավելի լայն հնարավորություններ։
RECONOMY-ն Շվեդիայի միջազգային զարգացման համագործակցության գործակալության (Sida) ներառական և կանաչ տնտեսական զարգացման ծրագիր է, որն իրականացվում է Helvetas-ի կողմից՝ համագործակցելով «Ռազմավարական զարգացման գործակալություն» ՀԿ-ի և Արևելյան գործընկերության և Արևմտյան Բալկանյան երկրների այլ կազմակերպությունների հետ։

