NEWSARM

RECONOMY ծրագրի շրջանակում անցկացվեց հայ-վրացական զբոսաշրջային բիզնես ֆորում

RECONOMY-ի «Ոլորտների թվայնացում հանուն մրցունակության» ծրագրի շրջանակում հունիսի 21-22-ը Դիլիջանում անցկացվեց հայ-վրացական բիզնես ֆորում, որին մասնակցեցին ՀՀ ԷՆ Զբոսաշրջության կոմիտեի նախագահ Լուսինե Գևորգյանը, Հայաստանում  Վրաստանի դեսպան Գիորգի Շարվաշիձեն, «Ռազմավարական զարգացման գործակալություն» ՀԿ-ի ծրագրի ղեկավար Մհեր Սահակյանը, Տուրիզմի հայկական ֆեդերացիայի և Վրաստանի տուրիզմի ասոցիացիայի նախագահները, HELVETAS Swiss Intercooperation-ի ներկայացուցիչներ, տեղական և վրացի տուրօպերատորներ։

Օրակարգում տարածաշրջանային և երկկողմ համագործակցության հարցերն էին։

RECONOMY-ի «Ոլորտների թվայնացում հանուն մրցունակության» ծրագրի ղեկավար Մհեր Սահակյանը ծրագրի շրջանակում ներկայացրեց տարածաշրջանային զբոսաշրջության զարգացման ուղղությամբ իրականացված քայլերը և համագործակցության խթանման հեռանկարները։ Այնուհետև Գովթեք ընկերության աշխատակիցները ներկայացրեցին Հայաստանի տուրիզմի շուկայի վերաբերյալ հետազոտությունը՝ ՓՄՁ-ների թվային փոխակերպման պահանջարկի տեսանկյունից։

Քննարկումները շարունակվեցին հայ-վրացական միասնական զբոսաշրջային փաթեթների մրցունակության բարձրացման հարցերի շուրջ՝ երկուստեք ընդգծելով արձանագրված խնդիրները և արդյունավետ լուծումները։

Ֆորումից հետո հայկական և վրացական զբոսաշրջային ընկերությունների միջև տեղի ունեցան B2B հանդիպումներ։

Մասնակիցները բարձր գնահատեցին ֆորումի աշխատանքները և պատրաստակամություն հայտնեցին առավել ակտիվ  համագործակցել՝ հաշվի առնելով նաև քննարկումների և B2B հանդիպումների արդյունքները։

Բիզնես ֆորումը և B2B հանդիպումները կազմակերպվել են «Միմինո» հայ-վրացական մշակութային և խոհարարական փառատոնի շրջանակում։

RECONOMY-ն Շվեդիայի միջազգային զարգացման համագործակցության գործակալության (Sida) ներառական և կանաչ տնտեսական զարգացման ծրագիր է, որն իրականացվում է Helvetas-ի կողմից՝ համագործակցելով «Ռազմավարական զարգացման գործակալություն» ՀԿ-ի և Արևելյան գործընկերության և Արևմտյան Բալկանյան երկրների այլ կազմակերպությունների հետ։