«Հայաստանի կենդանի լանդշաֆտները շուկայի զարգացման համար» (ԼԻԼԱ) ծրագրի աջակցությամբ հայաստանյան առաջատար տուրօպերատորները՝ Jeep Tours, ArmLand արշավային ակումբը և Ruben Tours ապրիլի 28-ից մայիսի 1-ը Հայաստանը ներկայացրեցին աշխարհի ամենահեղինակավոր զբոսաշրջային հարթակներից մեկում՝ ATM Dubai-2025 միջազգային ցուցահանդեսին։
Նրանք միավորվել էին ՀՀ էկոնոմիկայի նախարարության Զբոսաշրջության կոմիտեի կողմից կազմակերպված միասնական տաղավարում՝ ներկայացնելու Հայաստանի բազմաշերտ զբոսաշրջային ներուժը։ Ցուցահանդեսի ընթացքում մասնակիցները ներկայացրեցին Հայաստանի՝ բնության վրա հիմնված եզակի փորձառությունները, ԼԻԼԱ ծրագրի շրջանակում ստեղծված զբոսաշրջային արդյունքներն ու ուղղությունները։
Հայաստանյան տաղավարը մեծ հետաքրքրություն առաջացրեց այցելուների, միջազգային տուրօպերատորների և ոլորտի առաջատար մասնագետների շրջանում՝ ընդգծելով մեր երկրի՝ որպես կայուն և գրավիչ ուղղության աճող հեղինակությունը։
Հանդիսանալով զբոսաշրջային առաջխաղացման կարևոր հարթակ՝ ATM Dubai – 2025 ցուցահանդեսին մասնակցությունը նպատակ ուներ ոչ միայն միջազգային հանրությանը ներկայացնել Հայաստանի բացառիկ հնարավորությունները, այլև խթանել օտարերկրյա զբոսաշրջիկների հոսքը՝ նպաստելով երկրի կայուն ու ներառական զարգացմանը։
ԼԻԼԱ ծրագիրը ֆինանսավորվում է Շվեյցարիայի զարգացման և համագործակցության գործակալության (SDC) կողմից և իրականացվում Բնության համաշխարհային հիմնադրամի հայաստանյան մասնաճյուղի կողմից (WWF-Հայաստան)՝ «Ռազմավարական զարգացման գործակալություն» (ՌԶԳ) ՀԿ-ի հետ համատեղ:

