NEWSARM

ՄԱՎԵՏԱ Փորձի փոխանակում նորարարական խմբերի հետ

«Հայաստանում գյուղատնտեսության ոլորտում մասնագիտական կրթության և ուսուցման արդիականացում» (ՄԱՎԵՏԱ) ծրագրի շրջանակներում ապրիլի 24-30-ը Լոռու ու Սյունիքի մարզերում իրականացվեց փորձի փոխանակում նորարարական խմբերի հետ՝ փորձնական ցանքատարածքների հիմնման նպատակով։

Նորարարական խմբերի հետ աշխատանքները համակարգեց ծրագրի գործընկեր, Բեռնի կիրառական գիտությունների համալսարանի (HAFL) գյուղատնտեսական, անտառային և պարենային գիտությունների դպրոցի պրոֆեսոր Յոհաննես Բրունները։

Այցերի ընթացքում ծրագրի թիրախային մարզերում գործընկեր ՄԿՈՒ հաստատությունների դասավանդողներին, աշկերտներին ու գործատուներին ներկայացվեցին փորձադաշտերի հիմնաման նպատակը և խոտախառնուրդով բարձրարժեք կերային մշակաբույսերի առավելությունները։ Ցուցադրվեցին հողի նախապատրաստական դաշտային աշխատանքներ, տրամադրվեցին ցուցումներ ցանքերի վերաբերյալ, ինչպես նաև ուղղորդման ու խորհրդատվական հանդիպումներ կայացան «Գյուղատնտեսական մեքենայացում» մասնագիտությամբ հրահանգիչների և աշկերտների հետ Գորիս համայնքում։

ՄԱՎԵՏԱ ծրագիրը ֆինանսավորվում է միջազգային և տեղական կազմակերպությունների լայն կոալիցիայի կողմից՝ Շվեյցարիայի զարգացման և համագործակցության գործակալության (SDC) գլխավորությամբ, ներառյալ Ավստրիական զարգացման գործակալությունը (ADA), Գերմանիայի տնտեսական համագործակցության և զարգացման նախարարությունը (BMZ), Հայաստանի կառավարությունը, HEKS/EPER ՀԿ–ն, Իզմիրլյան հիմնադրամը, Ռազմավարական զարգացման գործակալություն (ՌԶԳ) ՀԿ–ն և «Վանանդ Ագրո» ՓԲԸ–ն:

Ծրագիրն իրականացնող գործընկերներն են Գերմանական միջազգային համագործակցության ընկերությունը (GIZ) և HEKS/EPER ՀԿ–ն՝ ՌԶԳ–ի և Բեռնի Կիրառական գիտությունների համալսարանի (HAFL) գյուղատնտեսական, անտառային և պարենային գիտությունների դպրոցի ներգրավմամբ։