ՀՀ էկոնոմիկայի նախարարության և «Ռազմավարական զարգացման գործակալություն» (ՌԶԳ) ՀԿ-ի համագործակցությամբ՝ «Հայաստանում գյուղատնտեսության ոլորտում մասնագիտական կրթության և ուսուցման արդիականացում» (ՄԱՎԵՏԱ) ծրագրի աջակցությամբ ապրիլի 26-ին Հայաստանում նշվեց Անասնաբույժի միջազգային օրը։
«Անասնաբույժները՝ որպես հանրային և պարենային անվտագության երաշխավորներ» խորագրով համաժողովին ներկա էին ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը, Հայաստանում Շվեյցարիայի փոխդեսպան և Շվեյցարիայի զարգացման և համագործակցության գործակալության (SDC) տարածաշրջանային տնօրենի տեղակալ Ուրսուլա Լաուբլին, գործադիր իշխանությունների ոլորտային պատասխանատուներ, ՄԱՎԵՏԱ ծրագրի գործընկեր ՄԿՈՒ և մասնավոր հատվածի ներկայացուցիչներ։
Շնորհավորելով անասնաբույժներին մասնագիտական տոնի առթիվ՝ նախարար Գևորգ Պապոյանը նշեց, որ նրանց աշխատանքը միտված է ոչ միայն կենդանիների առողջության պահպանմանը, այլ նաև հանրային առողջությանը, պարենային անվտանգությանը. «Առանց անասնաբուժության երկրի տնտեսությունը պարզապես չի կարող զարգանալ, ձեր դերը շատ կարևոր է մեր երկրի համար»,- նշեց նախարարը։
Հայաստանում Շվեյցարիայի փոխդեսպան և Շվեյցարիայի զարգացման և համագործակցության գործակալության (SDC) տարածաշրջանային տնօրենի տեղակալ Ուրսուլա Լաուբլին իր ելույթում նշեց, որ իրենց ռազմավարական նպատակն է խթանել աշխատանքի վրա հիմնված ուսուցումը մասնագիտական կրթության ոլորտում՝ կիրառելով գյուղատնտեսական մասնագիտությունների, այդ թվում՝ անասնաբուժական մասնագիտության զարգացման լավագույն փորձը։ «Մենք ուրախ ենք տեսնել մեր պետական գործընկերների ցուցաբերած նվիրվածությունը, որը գագաթնակետին հասավ անցյալ տարի՝ MAVETA-ի աջակցությամբ նոր մասնագիտական կրթության մասին օրենքի ընդունմամբ: Սա նշանակալի քայլ է Հայաստանում մասնագիտական կրթության բարելավման ուղղությամբ»,- նշեց Ուրսուլա Լաուբլին։
ՌԶԳ ՀԿ-ի նախագահ Մկրտիչ Այվազյանն իր խոսքում ընդգծեց միջազգային գործընկերների՝ Շվեյցարիայի զարգացման և համագործակցության ու Ավստրիական զարգացման գործակալությունների երկարատև աջակցության կարևորությունը անասնապահության, անասնաբուժության զարգացման ծրագրերի իրականացման ուղղությամբ։ «Հիմնադրվել են շուրջ 100 համայնքային անասնաբուժական կետեր, որոնք սպասարկում են թվով 200-ից ավելի բնակավայրեր»,- նշեց նա։
Ոլորտի արդիականացման և սերնդափոխություն իրականացնելունն է ուղղված ՄԱՎԵՏԱ ծրագիրը, որի շրջանակում ՀՀ ԿԳՄՍ նախարարության հետ համատեղ անասնաբուժությունը դուալ ուսուցմամբ ներդրվել է հինգ քոլեջում։ Ներկայումս դուալ ուսուցմամբ սովորող ուսանողների թիվը 120-ից ավելի է, որոնք արդեն իսկ սկսում են համալրել գործող անասնաբույժների շարքերը։
Տեսաուղերձներով հանդես եկան Դաբաղի դեմ պայքարի Եվրոպական հանձնաժողովի ղեկավար ներկայացուցիչներ՝ շնորհավորելով հայ գործընկերներին։
Այնուհետև համաժողովի մասնակիցներին ներկայացվեցին անասնաբուժության ոլորտում իրականացվող ծրագրերը, խնդիրներն ու ձեռքբերումները։
ՌԶԳ ՀԿ-ի կենդանիների առողջության և բուծման մասնագետ Միքայել Հայկունին ներկայացրեց կազմակերպության իրականացրած ծրագրային միջամտությունները անասնաբուժական և կովերի արհեստական սերմնավորման ծառայությունների բարելավման ուղղությամբ
Մի խումբ անասնաբույժներ և համաճարակաբաններ արժանացան շնորհակալագրերի, պատվոգրերի և հուշանվերների։
Անասնաբուժության ոլորտի զարգացման գործում ներդրած ավանդի համար ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը Շնորհակալագիր հանձնեց ՌԶԳ ՀԿ-ի նախագահ Մկրտիչ Այվազյանին։
ՄԱՎԵՏԱ ծրագիրը ֆինանսավորվում է միջազգային և տեղական կազմակերպությունների լայն կոալիցիայի կողմից՝ Շվեյցարիայի զարգացման և համագործակցության գործակալության (SDC) գլխավորությամբ, ներառյալ Ավստրիական զարգացման գործակալությունը (ADA), Գերմանիայի տնտեսական համագործակցության և զարգացման նախարարությունը (BMZ), Հայաստանի կառավարությունը, HEKS/EPER ՀԿ–ն, Իզմիրլյան հիմնադրամը, Ռազմավարական զարգացման գործակալություն (ՌԶԳ) ՀԿ–ն և «Վանանդ Ագրո» ՓԲԸ–ն:
Ծրագիրն իրականացնող գործընկերներն են Գերմանական միջազգային համագործակցության ընկերությունը (GIZ) և HEKS/EPER ՀԿ–ն՝ ՌԶԳ–ի և Բեռնի Կիրառական գիտությունների համալսարանի (HAFL) գյուղատնտեսական, անտառային և պարենային գիտությունների դպրոցի ներգրավմամբ։

