«Անասնապահության զարգացում Հայաստանում՝ հարավ-հյուսիս-2» ծրագրի շրջանակում ապրիլի 4-ին Գեղարքունիքի մարզի Խաչաղբյուր բնակավայրում տեղի ունեցավ ծրագրի շահառու Պետրոս Պետրոսյանին պատկանող առաջատար ֆերմայի բացման պաշտոնական արարողությունը։
Արարողությանը ներկա էին ՀՀ Էկոնոմիկայի նախարարի տեղակալ Տաթևիկ Սարգսյանը, Ավստրիական զարգացման գործակալության հայաստանյան գրասենյակի տնօրեն Կլաուս Կապպերը, Գեղարքունիքի մարզպետի տեղակալ Ջանիկ Բազեյանը, Վարդենիսի համայնքի ղեկավար Ահարոն Խաչատրյանը, «Ռազմավարական զարգացման գործակալություն» (ՌԶԳ) ՀԿ նախագահ Մկրտիչ Այվազյանը, «Անասնապահության զարգացում Հայաստանում՝ հարավ-հյուսիս-2» ծրագրի ղեկավար Վահե Հովհաննիսյանը, հյուրեր։
Իր ողջույնի խոսքում նախարարի տեղակալ Տաթևիկ Սարգսյանը ընդգծեց «Ռազմավարական զարգացման գործակալություն» ՀԿ-ի նշանակալի դերը գյուղատնտեսության զարգացմանն ուղղված պետական ծրագրերին աջակցելու գործում։
Ավստրիական զարգացման գործակալության հայաստանյան գրասենյակի տնօրեն Կլաուս Կապպերը ընդգծեց «Ռազմավարական զարգացման գործակալություն» ՀԿ-ի հետ տարիների արդյունավետ համագործակցությունը Հայաստանում անասնապահության զարգացման և գյուղատնտեսության ոլորտում ավստրիական լավագույն փորձի տեղայնացման գործում։
Գեղարքունիքի մարզպետի տեղակալ Ջանիկ Բազեյանն իր խոսքում կարևորեց մարզում անասնապահության զարգացման, անասնաբուժական կետերի և սպանդանոցների վերազինման ուղղությամբ ՌԶԳ ՀԿ-ի իրականացրած ծրագրերը։
Կարմիր ժապավենը կտրելուց հետո հյուրերը շրջայց կատարեցին ֆերմայի տարածքում, ծանոթացան նրա գործունեությանը։
Ֆերմայի սեփականատեր Պետրոս Պետրոսյանը հյուրերին ներկայացրեց ծրագրային միջամտությունները ֆերմայի ստեղծման և իր՝ որպես ֆերմերի, կարողությունների զարգացման գործում՝ ընդգծելով ծրագրի շրջանակում փորձի փոխանակման այցերն Ավստրիա և Ֆրանսիա։
«Անասնապահության զարգացում Հայաստանում՝ հարավ-հյուսիս 2» ծրագիրն իրականացվում է «Ռազմավարական զարգացման գործակալություն» ՀԿ-ի կողից՝ Ավստրիական զարգացման և համագործակցության ծրագրային միավորի` Ավստրիայի զարգացման գործակալության ֆինանսավորմամբ:

