NEWSARM

Դասընթաց՝ ՄԱՎԵՏԱ ծրագրի գործընկերների համար

«Հայաստանում գյուղատնտեսության ոլորտում մասնագիտական կրթության և ուսուցման արդիականացում» (ՄԱՎԵՏԱ) ծրագրի շրջանակում տեղի ունեցավ «Աշկերտի հետ աշխատանք ընկերությունում․ հրահանգչի կարողունակություններ» թեմայով դասընթաց ծրագրի վեց գործընկեր քոլեջների և մասնավոր սեկտորի կազմակերպությունների մենթորների և հրահանգիչների համար։
Վերապատրաստման դասընթացն անցկացվեց HAFL-ի փորձագետ Յոհաննես Բրունների կողմից՝ հոկտեմբերի 2-10-ը՝ Ստեփանավան, Երևան, Գորիս և Սիսիան քաղաքներում։
Քոլեջների դասավանդողներն ու գործատուները ծանոթացան հրահանգիչների ուղղորդման, ուսումնական նյութերի կիրառման, գնահատման, ինչպես նաև հետադարձ կապի ապահովման և աշկերտների խրախուսման ժամանակակից մեթոդներին։
Դասընթացը նպատակ ուներ զարգացնելու ՄԱՎԵՏԱ ծրագրի գործընկեր ուսումնական հաստատությունների և մասնավոր սեկտորի ներկայացուցիչների կարողությունները՝ աշկերտներին աշխատանքային միջավայրին արդյունավետ ներգրավվելու և ուսումնառություն-գործնական աշխատանք անցումը սահուն ապահովելու նպատակով։

ՄԱՎԵՏԱ ծրագիրը ֆինանսավորվում է միջազգային և տեղական կազմակերպությունների լայն կոալիցիայի կողմից՝ Շվեյցարիայի զարգացման և համագործակցության գործակալության (SDC) գլխավորությամբ, ներառյալ Ավստրիական զարգացման գործակալությունը (ADA), Գերմանիայի տնտեսական համագործակցության և զարգացման նախարարությունը (BMZ), Հայաստանի կառավարությունը, Շվեյցարիայի եկեղեցու օգնություն (HEKS/EPER) ՀԿ-ն, Իզմիրլյան հիմնադրամը, Ռազմավարական զարգացման գործակալություն (ՌԶԳ) ՀԿ-ն և «Վանանդ Ագրո» ՓԲԸ-ն:

Ծրագիրն իրականացնող գործընկերներն են Գերմանական միջազգային համագործակցության ընկերությունը (GIZ) և Շվեյցարիայի եկեղեցու օգնություն (HEKS/EPER) ՀԿ-ն՝ ՌԶԳ-ի և Բեռնի Կիրառական գիտությունների համալսարանի (HAFL) գյուղատնտեսական, անտառային և պարենային գիտությունների դպրոցի ներգրավմամբ: