NEWSARM

Նոր համագործակցություն՝ RECONOMY-ի «Ոլորտների թվայնացում հանուն մրցունակության» ծրագրի շրջանակներում

RECONOMY-ի «Ոլորտների թվայնացում հանուն մրցունակության» ծրագրի շրջանակում «Ռազմավարական զարգացման գործակալություն» ՀԿ-ի և «Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միություն» (ԱՏՁՄ) ՀԿ-ի միջև կնքվեց համագործակցության հուշագիր։

Ծրագրով նախատեսվում է բացահայտել զբոսաշրջության, գյուղատնտեսության և թեթև արդյունաբերության ոլորտների փոքր և միջին ձեռնարկությունների թվային լուծումների պահանջարկը և աջակցել այս ոլորտներում  գործող ՏՏ կազմակերպություններին պահանջարկի վրա հիմնված նորարարական թվային ծառայություններ և լուծումներ տրամադրելու գործում։ Ծրագիրը կնպաստի վերոնշյալ ոլորտների ՓՄՁ-ների թվային փոխակերպմանը՝ ապահովելով դրանց գործունեության արդյունավետությունը և նոր աշխատատեղերի ստեղծումը։

Իր խոսքում «Ռազմավարական զարգացման գործակալություն» ՀԿ-ի նախագահ Մկրտիչ Այվազյանը նշեց, որ կազմակերպության համար հայկական արտադրությանը և տեղական ընկերություններին աջակցելը սկզբունքային է, բայց միաժամանակ ակնկալում է, որ նորարության ոլորտում միջազգային գործընկերներից  հետ չեն մնա։

Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության գործադիր տնօրեն Սարգիս Կարապետյանը վստահեցրեց, որ միության ռազմավարական նպատակներից է նորարարության միջոցով հանրային-մասնավոր գործընկերությունների խթանումը և համագործակցության շրջանակներում  կտրամադրեն անհրաժեշտ ծառայությունները։

Այնուհետև  «Ոլորտների թվայնացում հանուն մրցունակության» ծրագրի ղեկավար Մհեր Սահակյանն ու ԱՏՁՄ-ի ներկայացուցիչները քննարկեցին  առաջիկա անելիքները, ժամանակացույցը և գործողությունների պլանը։

RECONOMY-ն Շվեդիայի միջազգային զարգացման համագործակցության գործակալության (Sida) ներառական և կանաչ տնտեսական զարգացման ծրագիր է, որն իրականացվում է Helvetas-ի կողմից՝ համագործակցելով «Ռազմավարական զարգացման գործակալություն» ՀԿ-ի և Արևելյան գործընկերության և Արևմտյան Բալկանյան երկրների այլ կազմակերպությունների հետ։