Ս. թ․ ապրիլի 26-ին Շիրակի մարզում և ապրիլի 23-ին Սյունիքի մարզում «Ռազմավարական զարգացման գործակալություն» ՀԿ-ի և ՀՀ ՍԱՏՄ համատեղ ջանքերով կազմակերպվեցին անասնաբույժի օրվանը նվիրված՝ «Անասնաբուժությունը՝ հանուն առողջ հասարակության» խորագրով համաժողովներ։
Միջոցառումների կազմակերպումը նպատակ ուներ խրախուսել անասնաբույժներին և կարևորել իրենց կատարած աշխատանքը գյուղատնտեսության զարգացման համար։
Արդեն հինգերորդ տարին է Հայաստանի Հանրապետությունում պետական մակարդակով նշվում է Անասնաբույժի միջազգային օրը:
Այս տարի միջոցառումը կազմակերպվել է «Հայաստանում գյուղատնտեսության ոլորտում մասնագիտական կրթության և ուսուցման արդիականացում» (ՄԱՎԵՏԱ) ծրագրի աջակցությամբ։
Շիրակում միջոցառման մասնակիցներին ողջունել և անասնաբույժի միջազգային օրվա առթիվ շնորհավորել է Շիրակի մարզպետ Մուշեղ Մուրադյանը․ «Պետք է փաստեմ, որ անասնաբուժությունն ամենակարևոր օղակներից մեկն է, կենդանու առողջ լինելը ուղիղ համամատական է մարդու առողջության հետ։ Անհերքելի է, որ Շիրակի մարզի համայնքների բնակիչների ապրուստի կարևոր միջոց շարունակում է մնալ անասնապահությունը։ Ուստի բանիմաց մասնագետի դերը, կենդանիներին բուժօգնություն ցուցաբերելու հարցում, անգնահատելի է»։
Պարոն Մուրադյանին ողջույնի խոսքով հաջորդեցին ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավարի տեղակալ Սոնա Ծառուկյանը, ՀՀ էկոնոմիկայի նախարարության «Գյուղատնտեսական ծառայությունների կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրեն Գառնիկ Հովհաննիսյանը, և «Ռազմավարական զարգացման գործակալություն» ՀԿ-ի ներկայացուցիչ, ՄԱՎԵՏԱ ծրագրի ղեկավար Լիլիթ Հովհաննիսյանը։ Լիլիթ Հովհաննիսյանն իր խոսքում կարևորեց երիտասարդ անասնաբույժների դերը գյուղատնտեսության զարգացման գործում և ներկայացրեց ՄԱՎԵՏԱ ծրագրով ներդրված դուալ ուսուցման ձևի առավելություններն ու առանձնահատկությունները։
«Ռազմավարական զարգացման գործակալություն» ՀԿ-ի անասնաբույժ Արեգ Սարուխանյանն ու ՀՀ ազգային ագրարային համալսարանի անասնաբուժական բժշկագիտության և անասնաբուծության ֆակուլտետի դեկան Արևիկ Աբովյանը ներկայացրեցին անասնաբույժ մասնագիտության կարևորությունը, ոլորտային խնդիրներն ու հնարավոր լուծումները։ Արեգ Սարուխանյանը հակիրճ անդրադարձ կատարեց «Ռազմավարական զարգացման գործակալություն» ՀԿ-ի կողմից իրականացվող՝ ոլորտի բարելավմանն ուղղված գործողություները։
Միջոցառումն ամփոփվեց ակտիվ քննարկմամբ և անասնաբույժների մասնակցությամբ նկարահանված ֆիլմի դիտմամբ։

