Հայաստանի տավարաբուծության զարգացման օրակարգում կարևոր քայլ է կատարվել՝ տավարաբուծության ոլորտում միջազգային փորձի, նորարարական բուծման մեթոդների և ժամանակակից վերարտադրողական տեխնոլոգիաների ներդրման ուղղությամբ նոր համագործակցության հիմք է դրվել։ 2026թ․ օգոստոսի 24-ին Ավստրիայում ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը, «Ռազմավարական զարգացման գործակալություն» ՀԿ-ն և Cattle Breeders Austria-ն ստորագրեցին փոխըմբռնման հուշագիր՝ տավարաբուծության զարգացման, կենդանիների արդյունավետ բուծման և ժամանակակից վերարտադրողական տեխնոլոգիաների կիրառման ուղղությամբ համագործակցության վերաբերյալ։
Հուշագրի ստորագրումը տեղի ունեցավ «Նորարարական անասնապահություն․ կենդանիների նախրաքաշ, բուծում և շուկաներ» (INLIMA) ծրագրի շրջանակում կազմակերպված ուսումնական այցի ընթացքում։ Ծրագիրն իրականացվում է «Ռազմավարական զարգացման գործակալություն» ՀԿ-ի կողմից՝ Ավստրիական զարգացման գործակալության (ADA) ֆինանսավորմամբ։
Միջոցառմանը ողջույնի խոսքով հանդես եկավ Ավստրիական զարգացման գործակալության Հայաստանի ծրագրի ղեկավար Տոբիաս Օրիշնիգը՝ ընդգծելով Հայաստանի անասնապահության ոլորտի զարգացմանն ուղղված համագործակցության կարևորությունը։ Նա նշեց, որ INLIMA ծրագիրն արտացոլում է Հայաստանի անասնապահության ոլորտի ամրապնդմանն ու գյուղատնտեսության առջև ծառացած կարևորագույն խնդիրների հասցեագրմանն ուղղված ընդհանուր հանձնառությունը՝ աջակցելով կայուն նախրաքաշին, ժամանակակից բուծման ծառայությունների զարգացմանը և շուկաների հետ կապերի ամրապնդմանը։
Տոբիաս Օրիշնիգը առանձնահատուկ ընդգծեց նաև «Ռազմավարական զարգացման գործակալություն» ՀԿ-ի դերը՝ նշելով, որ տարիների ընթացքում կազմակերպությունն իրեն դրսևորել է որպես վստահելի և բարձր կարողություններ ունեցող գործընկեր՝ զարգացման նպատակները վերածելով Հայաստանի ֆերմերների, գյուղական ձեռնարկատերերի և համայնքների համար գործնական ու կայուն լուծումների։
«INLIMA ծրագիրը հիմնվում է հաջողված համագործակցության երկարամյա պատմության վրա և վկայում է ՌԶԳ-ի՝ նորարարության, գործընկերության և երկարաժամկետ ազդեցության նկատմամբ ունեցած ամուր հանձնառության մասին» – նշել է Տոբիաս Օրիշնիգը։
Նա նաև ընդգծեց, որ նման համագործակցությունները հնարավորություն են տալիս համատեղել մասնագիտական գիտելիքը, ինստիտուցիոնալ գործընկերությունը և փորձի փոխանակումը՝ ստեղծելով ավստրիական և հայկական կառույցների միջև երկարաժամկետ կապեր և նպաստելով ոլորտի կայուն զարգացմանը։
Միջոցառման ընթացքում INLIMA ծրագրի ղեկավար Վահե Հովհաննիսյանը ներկայացրեց ծրագրի նպատակները, հիմնական բաղադրիչներն ու ոլորտում իրականացվող աշխատանքը՝ ընդգծելով այն ուղղությունները, որոնց շրջանակում միջազգային մասնագիտական փորձի ներգրավումը կարող է առավել մեծ ազդեցություն ունենալ Հայաստանի անասնապահության զարգացման վրա։
Cattle Breeders Austria-ի ներկայացուցիչ Աննա Կոյները ներկայացրել է կազմակերպության գործունեությունը և Ավստրիայում տավարաբուծության կազմակերպման ու կենդանիների արտադրողականության գնահատման փորձը, իսկ Fleckvieh Austria-ի ներկայացուցիչ Ռայնհարդ Պֆլեգերը ներկայացրել է Fleckvieh ցեղի զարգացման փորձն ու միջազգային ներուժը։
Այս փորձի փոխանակումը կարևոր է Հայաստանի համար, քանի որ ոլորտի արտադրողականության բարձրացումը պահանջում է անցում առավել համակարգված և տվյալահեն բուծման մոտեցումների՝ ներառելով գենոֆոնդի բարելավում, տոհմային կենդանիների արդյունավետ ընտրություն, արտադրողականության գնահատում, վերարտադրողական տեխնոլոգիաների կիրառում և նախրի երկարաժամկետ կառավարում։
Ստորագրված հուշագիրը ստեղծում է հենց այս ուղղություններով համագործակցության շրջանակ։ Կողմերը նախատեսում են մասնագիտական խորհրդատվություն ցեղի և տոհմային կենդանիների ընտրության, գենետիկական ներուժի բարելավման, արհեստական սերմնավորման և այլ վերարտադրողական տեխնոլոգիաների, ինչպես նաև բուծման պլանավորման վերաբերյալ։
Համագործակցության կարևոր ուղղություններից է նաև «Գյումրիի սելեկցիոն կայան» ՓԲԸ-ում ցուլերի սերմնանյութի արտադրության կարողությունների զարգացումը։ Ավստրիական փորձի և մասնագիտական գիտելիքի ներգրավումը կարող է նպաստել Հայաստանում որակյալ գենետիկական նյութի հասանելիության և օգտագործման համակարգերի զարգացմանը՝ երկարաժամկետ ազդեցություն ունենալով կենդանիների արտադրողականության վրա։
«Նորարարական անասնապահություն․ կենդանիների նախրաքաշ, բուծում և շուկաներ» (INLIMA) ծրագիրն իրականացվում է «Ռազմավարական զարգացման գործակալություն» ՀԿ-ի կողմից՝ Ավստրիական զարգացման և համագործակցության ծրագրային միավոր Ավստրիական զարգացման գործակալության ֆինանսավորմամբ:

