NEWSARM

«ՏՀՏ-րը ՓՄՁ-ների համար. Կապերի ստեղծում թվային փոխակերպման խթանման նպատակով» համաժողով

Դեկտեմբերի 14-ին, «Ոլորտների թվայնացում հանուն մրցունակության» RECONOMY-ի ծրագրի շրջանակներում կազմակերպվեց  «ՏՀՏ-րը ՓՄՁ-րի համար. Կապերի ստեղծում թվային փոխակերպման խթանման նպատակով» թեմայով համաժողով։ «Ռազմավարական զարգացման գործակալություն» հասարակական կազմակերպության կողմից կազմակերպված այս համաժողովին մասնակցում էին Հայաստանի, Վրաստանի և Մոլդովայի հանրապետությունների գյուղատնտեսության, տուրիզմի և տեղեկատվական տեխնոլոգիաների (ՏՏ) ոլորտի, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության համապատասխան պետական գերատեսչությունների ներկայացուցիչներ։

RECONOMY-ը Շվեդիայի միջազգային զարգացման համագործակցության գործակալության (Sida) տարածաշրջանային ներառական և կանաչ տնտեսական զարգացման ծրագիր է, որն իրականացվում է HELVETAS Swiss Intercooperation-ի կողմից՝ «Ռազմավարական զարգացման գործակալություն» ՀԿ-ի և Արևելյան Գործընկերության և Արևմտյան Բալկանների տարածաշրջաններում այլ կազմակերպությունների հետ համագործակցությամբ:

Համաժողովը նպատակ ուներ ՓՄՁ-ների թվային փոխակերպման գործընթացին աջակցելու նպատակով խթանել երկխոսություն և համագործակցություն ծրագրի մասնակից երկրներում վերոնշյալ ոլորտներում գործող ՓՄՁ-ների, մասնագիտական ոլորտային միավորումների և ՏՏ ընկերությունների միջև։

Համաժողովին ողջույնի խոսքով հանդես եկան «Ռազմավարական զարգացման գործակալություն» ՀԿ նախագահ՝ պարոն Մկրտիչ Այվազյանը, Հայաստանում Շվեդիայի Թագավորության փոխդեսպան՝ Կլաս Վալդենստրյոմը և «RECONOMY» ծրագրի ղեկավար՝ Պաուլո Ռոդրիգեսը։

Միջոցառմանը ներկա էին ներկայացուցիչներ՝ ՀՀ Էկոնոմիկայի նախարարությունից, ՀՀ Զբոսաշրջության կոմիտեից, ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունից և տեղական ու միջազգային այլ կառույցներից։

Վալդենստրյոմը կարևորեց թվային լուծումների դերը բիզնեսի կայունության և շրջակա միջավայրի պաշտպանության գործում, մինչդեռ Ռոդրիգեսն ընդգծեց տարածաշրջանային համագործակցության նշանակությունը՝ տնտեսության ներառական զարգացման համար:

Համաժաղովի ընթացքում երկու թեմատիկ պանելային քննարկումների ընթացքում ներկայացվեցին և քննարկվեցին այնպիսի հարցեր, ինչպիսիք են՝ փոքր ու միջին ձեռնարկությունների թվային փոխակերպման պետական ծրագրերն ու գործիքները, ներկայացվեց նաև փոքր ու միջին ձեռնարկությունների թվային փոխակերպման միջազգային փորձն ու մարտահրավերները և ոլորտային ասոցիացիաների ու բիզնես ծառայություններ մատուցողների կարևոր դերը ՓՄՁ-ների թվային փոխակերպման գործում:

Համաժողովին ներկայացվեց նաև «Ոլորտների թվայնացում հանուն մրցունակության» RECONOMY-ի ծրագիրը և վերջինիս շրջանակներում գործընկերների միջև կնքվեցին համագործակցության պայմանագրեր։