SuccessStoriesARM

Պատահականություններ չեն լինում

Արփինե Հակոբջանյանը 2016թվ․-ից աշխատում է «Էլոլա» կաթի վերամշակման գործարանում։ Իր մասնագիտական ուղին սկսել է որպես լաբորանտ, այնուհետև  կարճ ժամանակահատվածում գրանցել մասնագիտական աճ՝ զբաղեցնելով լաբորատորիայի ղեկավարի պաշտոնը։

Տարիներ առաջ, երբ դեռ 27 տարեկան էի շատ պատահական հայտնվեցի «Էլոլա» կաթի վերամշակման գործարանում։ Գորիսի պետական համալսարանում սովորելով ստացել էի կենսաքիմիայի գծով մասնագետի որակավորում և մի քանի տարի ոչ մասնագիտությամբ աշխատելուց հետո փնտրում էի որակավորմանս հետ կապ ունեցող աշխատանք։

Տեսել էի «Էլոլա» ընկերության հայտարարությունը՝ լաբորանտի թափուր հաստիքի մասին և որոշել փորձել ուժերս։

Կաթի և կաթնամթերքի տեխնոլոգի և լաբորանտի մասնագիտությունը շատ հետաքրքիր է։ Ուղղակի փորձել է պետք։ Վստահ եմ հենց, որ գնաք արտադրամաս և պրակտիկայում կիրառեք Ձեր ստացած գիտելիքները, իսկույնևեթ կսիրահարվեք մասնագիտությանը և Ձեր աշխատանքին։

Շատ հեշտ ընդունվեցի աշխատանքի, և երկու ամիս փորձաշրջանից հետո սկսվեց իմ հաջողության պատմությունն ու մասնագիտական աճը։ Աշխատանքի նկատմամբ սերս ու գերազանցելու վճռականությունն աննկատ չմնացին գործատուիս կողմից, և կարճ ժամանակահատվածում ինձ առաջարկվեց որակի վերահսկման պատասխանատուի գործառույթը, իսկ 4 տարի անց դարձա լաբորատորիայի վարիչ։ Ներկայումս էլ ինձ է վստահված համակարգել ISO 22000 սննդի անվտանգության կառավարման համակարգի հավաստագիրը ստանալու գործընթացը։

«Էլոլա» ընկերությունում աշխատելու ընթացքում առաջարկ ստացա հիմնական աշխատանքիս զուգահեռ դասավանդել նաև Գորիսի պրոֆեսոր Խ.Երիցյանի անվան պետական գյուղատնտեսական քոլեջում ՝ կաթի և կաթնամթերքի տեխնոլոգիա բաժնում։

Ես ինձ երջանիկ մարդ եմ համարում, քանի որ ունեմ թեկուզ փոքրիկ, սակայն իմ սեփական ներդրումը որակյալ կաթնամթերք ստեղծելու գործում, երջանիկ եմ, որ զբաղվում եմ սիրած գործով, որից հաճույք եմ ստանում:

Ուրախ եմ, որ ունեմ հնարավորություն գիտելիքներս ոչ միայն կիրառել աշխատանքում, այլև փոխանցել ուսանողներիս։

Արդեն 7 տարի է, ինչ աշխատում եմ կաթնամթերքի արտադրման ոլորտում և չի եղել մի օր, որ փոշմանեմ ընտրությանս և անցածս ուղու համար։

Ամեն օր սիրով եմ գնում աշխատանքի, ցանկանում եմ իմ սեփական ներդրումն ունենալ՝ ապահով սնունդ և որակյալ արտադրանք ստանալու գործում։