HomePageARM, NEWSARM

Կայացավ «Հակամանրէային դիմադրողականության կարևորությունը» թեմայով խորհրդաժողով

2021թ. հուլիսի 15-ին և 16-ին ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի նախաձեռնությամբ և «Անասնապահության զարգացում Հայաստանում՝ հարավ-հյուսիս» ծրագրի աջակցությամբ, որն իրականացվում է «Ռազմավարական զարգացման գործակալություն» հասարակական կազմակերպության կողմից՝ Ավստրիայի զարգացման գործակալության ավստրիական զարգացման և համագործակցության ծրագրային միավորի և Շվեյցարիայիզարգացման և համագործակցության գործակալության ֆինանսավորմամբ, կազմակերպվեց «Հակամանրէային դիմադրողականության կարևորությունը» թեմայով խորհրդաժողով:

Մարդու օրգանիզմը կարող է ձեռք բերել հակամանրէային միջոցների նկատմամբ կայունություն ինչպես այդ դեղամիջոցների օգտագործման, այնպես էլ դրանց՝ սննդում եղած մնացորդների առկայության դեպքում։ Հակամանրէային կայունությունը համարվում է արդի և համաշխարհային խնդիր ոչ միայն բժշկության, այլև անասնաբուժության և սննդամթերքի անվտանգության ոլորտներում: Մասնագետները պարբերաբար բարձրաձայնում են հակամանրէային միջոցների նկատմամբ կայունության մասին, սակայն խնդիրը շարունակում է մնալ անորոշ:

Խորհրդաժողովի նպատակն էր վերլուծել անասնաբուժության ոլորտում հակաբիոտիկների շրջանառության կառավարելիության մակարդակը և առաջարկել դրանց վերահսկման մեխանիզմները, ինչպես նաև ներկայացնել անասնաբուժական, առողջապահական և սննդիարդյունաբերության ոլորտի գիտական ու լաբորատոր կենտրոնների կողմից իրականացված հետազոտությունների արդյունքները, միջազգային փորձն ու նախատեսվող ծրագրերը:

Միջոցառմանը մասնակցեցին ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի, ՄԱԿ-ի Պարենի և գյուղատնտեսության կազմակերպության, «Ռազմավարական զարգացման գործակալություն» հասարակական կազմակերպության, Ռիսկերի գնահատման ու վերլուծման կենտրոնի, Հայաստանի ազգային ագրարային համալսարանի, Մեղուների հիվանդություններիախտորոշման լաբորատորիայի, ՄԱ ԳԱԿ-ի և ՀՀ Առողջապահության նախարարության հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի ներկայացուցիչները և անասնաբույժներ:

Միջոցառման սկզբում մասնակիցներին ողջունեցին ՀՀ Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավար՝ Գ. Ավետիսյանը և «Ռազմավարական զարգացման գործակալություն» հասարակական կազմակերպության նախագահ Մկրտիչ Այվազյանը: Նրանք ընդգծեցին «Մեկ առողջության» գաղափարի շրջանակներում բոլոր պետական գերատեսչությունների դերն ուանելիքը հակամանրէային կայունության դեմ պայքարում:

Խորհրդաժողովի մասնակից-մասնագետները ներկայացրեցին անասնաբուժության, ինչպես նաև առողջապահության ոլորտում հակաբիոտիկների շրջանառության վերահսկման մեխանիզմների բացերը, գիտական ու լաբորատոր կենտրոնների կողմից իրականացված հետազոտությունների արդյունքները, ինչպես նաև անդրադարձ կատարվեց միջազգային փորձին, նախատեսվող ծրագրերին և բնապահպանական խնդիրներին: