Պատվիրատու՝ Գյուղատնտեսական ծրագրերի իրականացման գրասենյակի (API), գնահատումն իրականացվել է «Համայնքների գյուղատնտեսական ռեսուրսների կառավարման և մրցունակության» (CARMAC) ծրագրի շրջանակում, որը ֆինանսավորվում է Համաշխարհային բանկի Զարգացման միջազգային ասոցիացիայի (IDA) և Գլոբալ էկոլոգիական հիմնադրամի (GEF) կողմից
Գնահատման հիմնական նպատակն էր վերլուծել բուսականության ցուցանիշների փոփոխությունները ՀՀ 6 մարզերի՝ Լոռու, Արագածոտնի, Տավուշի, Սյունիքի, Գեղարքունիքի և Շիրակի 63 գյուղական համայնքներում՝ պայմանավորված CARMAC ծրագրի շրջանակում իրականացված արոտավայրերի կառավարման և բարելավման միջամտություններով։ Ուսումնասիրությունն ուղղված էր պարզելուն, թե արդյոք միջամտություններն աջակցել են բուսական ծածկույթի վերականգնմանը, արտադրողականության բարձրացմանը և ածխածնի կլանման ներուժի ուժեղացմանը թիրախային արոտավայրերում։
Գնահատումը ներառել է ընտրված համայնքների արոտավայրերի համապարփակ գնահատում։ Գնահատման շրջանակում իրականացվել են բուսական ծածկույթի (տոկոսային հարաբերակցությամբ) և արտադրողականության (չոր զանգվածի բերքատվություն, կգ/հա) չափումներ դաշտային տվյալների հավաքագրման և համապատասխան հաշվարկների միջոցով։ Բացի այդ, կատարվել է ածխածնի կլանման վերլուծություն՝ գնահատելով արոտավայրային կենսազանգվածում ածխածնի կլանման արագությունը (գրամ/հա/տարի)։
12 ներկայացուցչական համայնքներում հավաքվել են հողի և բուսականության նմուշներ՝ կենսազանգվածի ընդհանուր ածխածնի պարունակության վերլուծության նպատակով՝ կիրառելով լաբորատոր և փորձարարական մեթոդներ։ Վերլուծվել է նաև ընդհանուր ածխածնի կուտակումը՝ արտահայտված գ/մ² և կգ/հա չափումներով՝ ներառելով վերգետնյա բուսականությունը, չոր զանգվածը և արմատային հողի շերտերը։
Միջամտությունների էկոլոգիական ազդեցության գնահատումն իրականացվել է ելակետային և ընթացիկ տվյալների համեմատական վերլուծության միջոցով։ Արդյունքում տրամադրվել է համապարփակ գնահատական արոտավայրերի վերականգնման և բարելավման միջոցառումների արդյունավետության վերաբերյալ՝ ի ցույց դնելով CARMAC ծրագրի էկոլոգիական օգուտները։

