SuccessStoriesARM

«Կաթի հետ աշխատանքը սիրել ու ստանալ առավելագույն արտադրանք». Արփինե Սարգսյան

«Հայաստանում գյուղատնտեսության ոլորտում մասնագիտական կրթության և ուսուցման արդիականացում» (ՄԱՎԵՏԱ) ծրագրի շրջանակներում Լոռու մարզում կաթի և կաթնամթերքի արտադրության, Ստեփանավանի պետական գյուղատնտեսական քոլեջից աշկերտներ ունենալու, մասնագիտության մեջ խորանալու պլանների մասին զրուցել ենք  ծրագրի գործընկեր «ՎԻՎԱ ԿԱԹ» կաթնամթերք արտադրող ընկերության պանրի վարպետ  Արփինե Սարգսյանի հետ։

Արփինե Սարգսյանն ապրում և աշխատում է հայրենի Լոռու մարզի հյուսիսում գտնվող Տաշիր քաղաքում: Տարածաշրջան, որը հայտնի է պանրի արտադրությամբ, որտեղ անց են կացվում պանրի փառատոններ։

Արփինեն ավելի քան հինգ տարի որպես պանրի վարպետ աշխատում է «ՎԻՎԱ ԿԱԹ» կաթնամթերք արտադրող գործարանում։ Ընկերությունը, որը գործում է 2003 թվականից, սկզբում արտադրում էր միայն պանիր: 2019 թվականից այն ընդլայնեց իր գործունեությունը՝ զբաղվելով նաև կաթնամթերքի արտադրությամբ։

«Կաթի հետ աշխատելը արվեստ է»,- փայլող աչքերով բացատրում է Արփինեն՝ իր աշխատանքի մասին խոսելիս: «Ես սիրում եմ այն ավելի արժեքավոր մթերքի ​​փոխակերպելու գործընթացը: Իմ նպատակն է միշտ ստանալ առավելագույն արդյունք՝ պահպանելով ամենաբարձր որակը»,- շարունակում է նա՝ ընդգծելով, որ կաթնամթերքն արտադրվում է ընկերությանը պատկանող անասնաֆերմայից ստացված անարատ կաթից՝ սննդամթերքի արտադրության  չափորոշիչներին համապատասխան։

«Պանրի տեսականին ներառում է չանախ, լոռի, չեչիլ, հորած պանիրներ, իսկ կաթնամթերքինը՝ թթվասեր, մածուն, քամած մածուն, կաթնաշոռ, թան»,- ոգևորությամբ թվարկում է երիտասարդ պանրի վարպետը՝ մատնանշելով իրենց ընկերության առաջարկած ընտրանին։

Նվիրում յուրաքանչյուր մանրուքում

Նրա նվիրվածությունն իր աշխատանքին ակնհայտ էր նույնիսկ իր ծննդյան օրը։ Այդ օրը մարդկանց մեծամասնությունը նախընտրում է անցկացնել ավելի տոնական տրամադրությամբ, մինչդեռ Արփինեն շրջում էր արտադրամասով, համակարգում գործընկերների աշխատանքը, ցուցումներ տալիս Ստեփանավանի պետական գյուղատնտեսական քոլեջի ուսանողներին, որոնք իրենց տեսական գիտելիքներն ամրապնդում են գործնական հմտություններով։

Ժպտալով հիշում է նաև նախորդ ծննդյան օրը։ «Տնօրենը զանգեց և ասաց, որ 5 տոննա կաթ ենք ստացել, որից պետք է պանիր պատրաստենք։ Հեշտ չէր, բայց երբ սիրում ես այն, ինչ անում ես, նույնիսկ նման մարտահրավերները պարգևատրելի են թվում»,- շարունակում է մեր զրուցակիցը։

Հաջորդ սերնդի ձևավորում

«Գյուղատնտեսության ոլորտում մասնագիտական ​​կրթության և ուսուցման արդիականացում» (ՄԱՎԵՏԱ) ծրագրի շրջանակներում «ՎԻՎԱ» կաթնամթերքի գործարանը սերտ համագործակցում է ծրագրի գործընկեր Ստեփանավանի պետական ​​գյուղատնտեսական քոլեջի հետ և ընդունում աշկերտներ։ Արփինեն մասնակցել է տարբեր մասնագիտական և մեթոդական դասընթացների և ձեռք բերել հրահանգչի հմտություն ու կարողություն։ Այժմ, որպես գործատու և հրահանգիչ, նա մեծ ներուժ է տեսնում կաթ և կաթնամթերքի տեխնոլոգիա մասնագիտությամբ դուալ կրթությամբ սովորող աշկերտների և երիտասարդ մասնագետների մեջ։

«Յուրաքանչյուր աշկերտ եզակի է»,- ասում է նա՝ ընդգծելով հրահանգչի իր անհատական ​​մոտեցումը: «Ոմանք արագ են սովորում, մյուսներն ավելի շատ առաջնորդության կարիք ունեն, բայց ես իմ մոտեցումը հարմարեցնում եմ նրանց կարողություններին: Մեզ պետք են հմուտ մասնագետներ այս ոլորտում, և մեր ընկերությունն ուրախ է օգնել նրանց ձեռք բերելու այնպիսի մասնագիտական հմտություն ու կարողություն, որ աշխատաշուկայում դառնան մրցունակ մասնագետներ»:

Մարտահրավերներ և ձգտումներ

Չնայած իր հաջողությանը, Արփինեն ընդունում է կաթնամթերքի ոլորտում աշխատելու դժվարությունները: «Այժմ համալրում ենք լաբորատորիան ժամանակակից սարքավորումներով՝ խստորեն վերահսկելու արտադրական ամբողջ գործընթացը»,- ընդգծում է նա։ «Չնայած շատ բան եմ սովորել աշխատանքի ընթացքում, այնուամենայնիվ` տեսական գիտելիքներս խորացնելու կարիք եմ տեսնում»:

Մասնագիտական աճ ունենալու ցանկությունը նրան ոգեշնչել է մտածել գյուղատնտեսական քոլեջ ընդունվելու մասին՝ ստանալու մասնագիտական կրթություն: «Ես գործնական փորձ ունեմ, բայց տեսական մասի ամրապնդումն ինձ ավելի լավը կդարձնի այն գործում, ինչն այս պահին անում եմ», – վստահ ասում է նա:

Ապագայի տեսլական

Արփինեի ապագայի տեսլականը դուրս է գալիս նրա անձնական աճից: Նա երազում է Լոռիում բարձրացնել կաթնամթերքի արտադրության չափանիշները և ոգեշնչել ավելի շատ երիտասարդների միանալ ոլորտին։ «Այստեղ այնքան մեծ ներուժ կա, որ ճիշտ ուսուցման դեպքում կարող ենք Լոռին դարձնել բարձրորակ կաթնամթերքի կենտրոն»:

Արփինեի համար իր աշխատանքը ավելին է, քան պարզապես աշխատանքը․ դա կոչում է։ «Կաթը պարզապես բաղադրիչ չէ», – ասում է նա ժպտալով: «Դա ավանդույթի, ապրուստի և ապագայի հիմքն է, որը մենք կարող ենք միասին կառուցել»:

Արփինե Սարգսյանն իր նվիրվածությամբ և իր աշխատանքի հանդեպ սիրով ոչ միայն կաթնամթերք է արտադրում, այլև Լոռու մարզում սնուցում որակի, նորարարության և հրահանգչի ժառանգություն: