«Հայաստանում գյուղատնտեսության ոլորտում մասնագիտական կրթության և ուսուցման արդիականացում» (ՄԱՎԵՏԱ) ծրագրի շրջանակներում Սյունիքի մարզում անասնաբույժի ու կենդանիների արհեստական սերմնավորման տեխնիկի պահանջարկի, աշխատանքային հեռանկարի, աշկերտության առավելությունների և ՄԱՎԵՏԱ ծրագրի հետ համագործակցության մասին զրուցել ենք ծրագրի գործընկեր Գագիկ Անդրանիկյանի հետ։
Անդրանիկյանին հանդիպեցինք իր ֆերմայում, որը գտնվում է Գորիս համայնքի Վերիշեն բնակավայրում։ Մինչև սեփականաշնորհումը այստեղ եղել է արհեստական սերմնավորման կայան։ Այժմ այն ընտանեկան ֆերմա է։
Հ։ Քանի՞ տարի է որ զբաղվում եք կենդանիների արհեստական սերմնավորմամբ։
Պ։ 33 տարի։ Աշխատում եմ 1991 թվականից։ Մինչև այդ՝ 1986 թվականից, դեռ Խորհրդային Միության տարիներին, նույնպես աշխատել եմ այստեղ՝ որպես գլխավոր կենդանաբույծ։ Այն ժամանակ տարվա մեջ սերմնավորում էինք մոտավորապես 8-9 հազար գլուխ կենդանի։ ԽՍՀՄ փլուզումից հետո մի կերպ պահեցինք որոշ չափանիշներ, բայց շատ քիչ տևեց։ Ինչպես ամբողջ հանրապետությունում, այնպես էլ մեզ մոտ, խնդիրները շատ էին․ մարդիկ կամ վճարունակ չէին, կամ չէին ցանկանում, կամ այլ խնդիրներ կային։ Բայց մենք միշտ կազմ պատրաստ ենք եղել աշխատելու համար և ոչ մեկի չենք մերժել։
Հիմա պահանջարկը քիչ է։ Հիմնականում պատճառաբանում են թանկացումները, բայց իրականում ովքեր ուզում են օգտվել այդ ծառայությունից՝ գնին չեն նայում։
Հ։ Իսկ Ձեր կարծիքով արդարացվա՞ծ է արհեստական սերմնավորման փորձը։
Պ։ Միանշանակ արդարացված է։ Այսօր կաթնատվությունը բավականին բարձր է, և կենդանիներ պահողներն ու մենատնտեսները լավ գիտեն դա։
Կաթնատվությունը և մթերատվությունը գնահատելով՝ զգում ես, որ արհեստականորեն սերմնավորված խոշոր եղջերավոր կենդանիների մոտ այս չափանիշները բարձր են, և մարդիկ գնում են այդ քայլին գիտակցված։
Հ։ Մենք գիտենք նաև, որ Դուք ՄԱՎԵՏԱ ծրագրի գործընկեր եք։ Ինչպե՞ս է համագործակցությունը սկսվել։
Պ։ Ռազմավարական զարգացման գործակալության հետ աշխատում եմ մոտ 14 տարի։ Համագործակցում ենք ու լավ ենք համագործակցում։ Ես բոլոր հարցերում, գործունեության բոլոր ոլորտներում պարտաճանաչ եմ։ Նույնը կասեմ ՌԶԳ-ի մասին։ Տարիներ առաջ եկան և մարզում կենդանիների արհեստական սերմնավորման մասնագետներ պատրաստեցին, մոտ 11-12 հոգի։ Ես այն ժամանակ աշխատում էի մասնագիտությամբ, այսօր էլ շարունակում եմ նույն կերպ։
Հ։ Իսկ կա՞ պահանջարկ։ Գիտենք նաև, որ համագործակցում եք Գորիսի պետական գյուղատնտեսական քոլեջի հետ։ Ի՞նչ է այն իրենից ենթադրում։
Պ։ Այո, համագործակցությունը Գորիսի գյուղատնտեսական քոլեջի հետ իրականացվում է ՄԱՎԵՏԱ ծրագրով։
Տեսեք՝ նշանակված է, որ պիտի ուսանողներ գան, բայց դեռևս շատ չեն։ Կուզեի, որ ավելի շատ ուսանողներ ընտրեն այս մասնագիտությունը և գործնական պարապմունքների համար ֆերմա գան։ Իմ ուսանողական տարիներին ագրարային համալսարանում ուսանողների մեծ մասը սովորում էր դիպլոմի համար։ Այդ խնդիրը մասամբ նաև հիմա է առկա։ Եթե եկել ես անասնաբուժություն ես ուսումնասիրում, ապա սովորի՛ր, որ դառնաս անասնաբույժ, ոչ թե ասես՝ «ես էլ եմ սովորել և ավարտել գյուղատնտեսական քոլեջը»։
Հ։ Իսկ Ձեր կարծիքով դուալ ուսուցումը, որն արդեն ներդրված է, օրինակ՝ նույն անասնաբուժություն մասնագիտության համար, արդյո՞ք շահագրգռում է ուսանողներին ավելի լավ մասնագետ դառնալ։
Պ։ Այն շատ լավ ծրագիր է։ Ես նույնպես կարծում եմ, որ տեսականը և գործնականը պետք է լրացնեն միմյանց։ Հիմա ծրագրի իմաստը դա է, որ ուսանողը, այս դեպքում՝ աշկերտը, դառնա մրցունակ մասնագետ և միայն տեսություն չկարդա ու վաղը մոռանա, այլ գործնականում տեսնի, կիրառի և դառնա մասնագետ։ Ընդ որում՝ մասնագետը, որպեսզի լավ մասնագետ լինի ու լավ աշխատի, իրավունք չունի իր մասնագիտությունից բացի ուրիշ գործով զբաղվելու։ Միայն այսպես նա կարող է խորանա իր ոլորտում, ոչ թե մտածի կողմնակի հարցերի մասին։ Անասնաբույժը, արհեստական սերմնավորման տեխնիկը պետք է ազատ լինեն կանչի համար, որովհետև գործ ունեն կենդանիների հետ ու նրանց հետ կապված ոչինչ չեն կարող պլանավորել։
Ինձ մոտ աշկերտներ ուղարկում են արհեստական սերմնավորման տեխնիկա սովորեցնելու։ Ես մեծ հաճույքով համաձայնվել եմ․ թո՛ղ գան, կսովորեցնեմ, ամենավերջին գաղտնիքներս բացեմ նրանց առջև։
Հ։ Ի՞նչ կասեք ուսանողներին, ապագա անասնաբույժներին կամ կենդանիների արհեստական սերմնավորման տեխնիկի մասնագիտությամբ հետաքրքրվողներին։
Պ։ Ես պատրաստ եմ ամեն րոպե, ամեն վայրկյան իմ ուժերի ներածին չափով օգնելու։ Ինձ մոտ «չէ» ասելու, «ժամանակ չունեմ», «վաղը, մյուս օրը կամ էն մյուս օրը» նման բաներ չկան։ Այս ծառայությունը բժշկական շտապ օգնության պես միշտ պատրաստ պետք է լինի։ Եթե պատրաստ չեղար, ապա դու հաճախորդ ես կորցնում։ Դա էլ կա: Այստեղ արդեն ծննդյան օր, հարսանիք, Նոր տարի կամ այլ արարողություն որևէ կերպ չպետք է ազդի։ Սա բժշկի աշխատանք է․ պետք է կարողանաս քո գործը անխափան անել։
Նրանք, ովքեր ուզում են աշխատել, պետք է սիրեն մասնագիտությունը։ Եթե այն չսիրեցին, ապա ավելորդ կոշիկ մաշելն ու կրթօջախ հասնելն արդեն շքեղություն է։ Եթե սիրով չմտար ֆերմա՝ մասնագետ չես դառնա։ Պիտի կենդանուն սիրես, պիտի կենդանու տիրոջը հարգես։ Սա է գաղտնիքը։
Հ։ Շնորհակալություն։
Պ։ Խնդրեմ։
ՄԱՎԵՏԱ ծրագիրը ֆինանսավորվում է միջազգային և տեղական կազմակերպությունների լայն կոալիցիայի կողմից՝ Շվեյցարիայի զարգացման և համագործակցության գործակալության (SDC) գլխավորությամբ, ներառյալ Ավստրիական զարգացման գործակալությունը (ADA), Գերմանիայի տնտեսական համագործակցության և զարգացման նախարարությունը (BMZ), Հայաստանի կառավարությունը, Շվեյցարիայի եկեղեցու օգնություն (HEKS/EPER) ՀԿ-ն, Իզմիրլյան հիմնադրամը, Ռազմավարական զարգացման գործակալություն (ՌԶԳ) ՀԿ-ն և «Վանանդ Ագրո» ՓԲԸ-ն:
Ծրագիրն իրականացնող գործընկերներն են Գերմանական զարգացման գործակալությունը (GIZ) և Շվեյցարիայի եկեղեցու օգնություն (HEKS/EPER) ՀԿ-ն՝ ՌԶԳ-ի և Բեռնի Կիրառական գիտությունների համալսարանի (HAFL) գյուղատնտեսական, անտառային և պարենային գիտությունների դպրոցի ներգրավմամբ: